Դպրոցի կառուցման համար ճանապարհ փակած Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի բնակիչները բացել են այն, իսկ վարչական ղեկավարը գնում է մարզպետարան՝ հարցը քննարկելու։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջրահովիտի վարչական ղեկավար Կարեն Ռուբինյանը։
Գյուղացիները բողոքում են, որ Կառավարությունը համայնքների խոշորացումից հետո որոշում է կայացրել, որ Ջրահովիտ և Արևաբույր համայնքները մեկ դպրոց պետք է ունենան։
Ըստ վարչական ղեկավարի՝ մարզպետարանից վստահեցրել են, որ երկու համայնքներն էլ դպրոց են ունենալու, անհանգստանալու հարց չկա, բայց գյուղացիները պատկան մարմինների խոսքերին չեն հավատում։
Կարեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ մասնագետները Ջրահովիտի դպրոցը ոչ սեյսմակայուն են գնահատել, և անհրաժեշտ է նոր դպրոցի շենք կառուցել, ծրագիրը հաստատվել է, բայց այն պետք է Արևաբույրում կառուցվի։
«Ժողովուրդն ասում է՝ թող մեր դպրոցը չտանեն Արևաբույրում սարքեն, թող ամեն համայնքի համար առանձին դպրոց կառուցեն։ Մեր դպրոցը 200 աշակերտ ունի, նույնքան էլ Արևաբույրն ունի։ Խնդիրն այն է, որ դպրոցն Արևաբույրում պետք է կառուցվի, մեր գյուղի դպրոցն էլ ամրացվի, հետագայում մեզ մոտ էլ կառուցվի։ Մեր ջրահովիտցիներն էլ ասում են՝ մեր դպրոցն ինչի՞ եք տանում Արևաբույրում կառուցում, մերը թող մնա մեզ, իրենց համար էլ նոր ծրագիր մշակեք»,- մանրամասնեց նա։
Կարեն Ռուբինյանի խոսքով՝ Արարատի մարզպետի հետ հանդիպումից հետո կորոշեն իրենց հետագա անելիքները։


















































