Հարգելի երեսփոխան, պետության դեմ հարձակում կազմակերպողներին պետք է փնտրել ոչ թե Եկեղեցում, այլ հենց ձեր շարքերում։
Ֆեյսբուքի էջում գրել է Մարկոս քահանա Մանգասարյանը՝ անդրադառնալով ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի այսօր հնչեցրած հայտարարություններին․
Փաստորեն սուտը լինում է ոչ միայն կաղ և պոզերով, այլ նաև՝ ճաղատ, իսկ տեղ-տեղ նաև բեղերով:
Պիտի հիշեցնենք երիտասարդ երեսփոխանին, որ հայոց պատմությունը հավասար չէ իր ապրած տարիներին: Այն ունի հազարամյակների ընդգրկում և այդ պատմության վերջին շուրջ 2000 տարիներին Եկեղեցին լծված է եղել միայն Պետականության վերակերտմանը և զորացմանը: Իսկ պետականության վրա հարձակվում են բոլոր նրանք, ովքեր
հրաժարվեցին Արցախի հարազատ օջախից,
հանձնեցին Հայաստանից ինքնիշխան տարածքներ,
վարկաբեկեցին արցախյան պատերազմի հերոսներին,
որոնց հրահանգով շրջափակվեցին դատարանների շենքերը,
որոնց թողտվությամբ գրավվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենքը:
Հետևաբար, հարգելի երեսփոխան, Պետության դեմ հարձակում կազմակերպողներին պետք է փնտրել ոչ թե Եկեղեցում, այլ հենց ձեր շարքերում:
Այսպիսի իրավիճակներում են ցավալիորեն արձանագրում. «Մովսեսի աթոռին նստեցին փարիսեցիները» (Մատթ. 23.2):
Հ.գ. հուսով ենք կառավարության աշխատակազմի ղեկավարն իր ֆեյսբուքյան անդուլ որոնումների արդյունքում կհայտնաբերի «ատելության խոսք» տարածող հերթական այս գրառումը և կտեղադրի իր ֆեյսբուքյան պատին»։
Նշենք, այսօր ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել էր․
«Ակնկալում եմ՝ հարցադրումներ կլինեն, թե ինչպե՞ս է եղել, որ ՀՀ-ի նորանկախ պատմության մեջ նման հարձակում է եղել ՀՀ-ի պետականության վրա՝ Կաթողիկոսի օրհնությամբ։
Ասեք Կաթողիկո՛ս, դու օրհնել ես Բագրատի կողմից ղեկավարվող շարժումը, ով հստակ պլանավորված հարձակվել է ԱԺ-ի վրա, պետական ինստիտուտների վրա, փորձել է գտնել և մահափորձ իրականացնել պետական պաշտոնյաների նկատմամբ՝ Կաթողիկոսի օրհնությամբ»,- ասել էր նա։
Ըստ նրա՝ ներսում սադրանք է իրականացվել՝ դրսում ժողովրդին տաքացնելով։
Պատգամավորի խոսքով՝ դրսում Բագրատն էլ Բեթմենի նման սկսեց վազել ոստիկանների վրա։ Բագրատն ասում է՝ սիրելի՛ ոստիկաններ, հանեք ձեր սաղավարտները, հետո քարով տալիս է ոստիկանի գլխին։
Հարցին՝ Բագրատ Սրբազանն է քարով տալի՞ս՝ պատասխանել էր. «Այո՛, Բագրատը, Բեթմեն Բագրատը»։















































