Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան

Լրահոս

Ակնկալում ենք՝ մեր հայ դաշնակիցները թույլ չեն տա Արևմուտքում գտնվող ուժերին օգտագործել իրենց գեղեցիկ երկիրը Ռուսաստանի հետ առճակատման «երկրորդ ճակատ» բացելու համար. Սերգեյ Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույց է տվել «168 ժամ» թերթին։

— Պարոն դեսպան, որո՞նք են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների առջև ծառացած առանցքային մարտահրավերները: Ի՞նչ քայլեր է ակնկալում Ռուսաստանը Հայաստանի իշխանությունից երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Սպասվո՞ւմ է արդյոք ռազմական համագործակցության երկկողմ պայմանագրի վերանայում:

— Կսկսեմ հիմնականից: Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն է և առանցքային տնտեսական գործընկերն Անդրկովկասում: Բազմակողմ երկկողմ կապերի այս համալիրն անհրաժեշտ է անխոնջ ամրապնդել և թարմացնել՝ հարմարեցնելով տարածաշրջանում և աշխարհում արագ փոփոխվող իրողություններին:

Հայ-ռուսական հարաբերությունները հասունացման փուլում են։ Այդ գործընթացները բարդ են ընթանում, սակայն գլխավորն այն է, որ Մոսկվան և Երևանը փոխադարձաբար ձգտում են հաղթահարել առաջացող բոլոր դժվարությունները գործընկերային, դաշնակցային եղանակով, բոլոր մակարդակներում բաց և վստահելի երկխոսության միջոցով։

Մեր առաջնորդները պահպանում են անմիջական կապ, պարբերաբար զանգահարում միմյանց։ Հունվարի վերջին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում արդյունավետ և օգտակար բանակցություններ է վարել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում էր՝ մասնակցելու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, որի շրջանակներում առանձնազրույց է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ. Արդյունքում՝ հունիսի սկզբին նախատեսվում է վերջինիս այցը Երևան: Ակտիվորեն շարունակվում են միջգերատեսչական շփումները։

Ռուսաստանում հանձնառու են մեր դաշնակցային փոխգործակցության համակողմանի ամրապնդմամբ, ինչպես նաև համատեղ պաշտպանության ոլորտում բոլոր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, որի անդամ է մնում Հայաստանը:

Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա ընդգծեմ այն փաստը, որ մեր երկրներին բացահայտ ու կոպտորեն փորձում են «միմյանցից վանել», գժտեցնել։ Այս անվայել առաջադրանքը լուծելու համար գործի են դրվում տարբեր քաղաքական մանիպուլյացիաներ, տեղեկատվական գործողություններ, պարզապես բացահայտ ստեր և զրպարտություն։ Թե ով է կանգնած դրա հետևում՝ քաջ հայտնի է, ինչպես նաև նրանց՝ «Ռուսաստանի ռազմավարական պարտությունը» տեսնելու մոլուցքը։ Հույսը դնում ենք հայ ժողովրդի իմաստության վրա, որը շատ լավ հասկանում է, թե ով է իր իսկական բարեկամը, իսկ ով՝ թշնամին։

— Որո՞նք են Ռուսաստանի երկարաժամկետ շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

— Ես չէի տարանջատի Ռուսաստանը Հարավային Կովկասից: Բավական է նայել քարտեզին՝ համոզվելու համար, որ դա մեր երկիրն է, նրա անքակտելի մասը, հետևաբար՝ այնտեղ ընթացող բոլոր գործընթացների անմիջական մասնակիցն է։ Անդրկովկասյան պետությունների հետ մեր կապերի ծավալը, աշխարհագրությունը, պատմությունը Ռուսաստանի համար կանխորոշում են տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության, նրա տնտեսական բարգավաճման, տրանսպորտային ներուժի բացահայտման կենսական անհրաժեշտությունը: Այդ ամենի տրամաբանական հետևանքն է Ռուսաստանի շահագրգռվածությունը Հայաստանի հուսալիորեն պաշտպանված և տնտեսապես ամուր պետականության նկատմամբ։

Այս դիրքորոշմանը համապատասխան՝ մենք պատրաստ ենք գործադրել բոլոր ջանքերը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ռուսական կողմը ողջունել է խաղաղ պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտը, պատրաստակամություն է հայտնել աջակցել հաշտեցման գործընթացի առաջմղմանը և լուծելու մնացած վիճելի հարցերն այն ձևերով ու ծավալներով, որոնք պահանջված կլինեն հենց կողմերի կողմից: Միշտ ուրախ ենք տրամադրել մեր հարթակը՝ քննարկելու խաղաղ պայմանագրի ստորագրման վերջնագծին հասնելու հետ կապված հարցեր, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման, մարդասիրական խնդիրներ և այլ հարցեր:

— Համագործակցության ի՞նչ ձևաչափ է առաջարկում Ռուսաստանը տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար: Հնարավո՞ր է արդյոք անվտանգության նոր ձևաչափ Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ:

— Ոչինչ հորինելու կարիք չունենք: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է բարձր մակարդակի փոխգործակցության ձևաչափ, որի գործունեության արդյունքում կուտակվել է 2020-2022 թվականների համապարփակ հայտարարությունների համալիր: Առաջնորդների որոշմամբ՝ 2021 թվականի հունվարին ստեղծվել է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների համանախագահությամբ:

Դրան զուգահեռ՝ ռուսական կողմը բազմիցս արտահայտել է իր տեսակետը, որ Հարավային Կովկասի ճակատագիրը և ապագան պետք է որոշեն տարածաշրջանի երկրներն ու նրանց հարևանները: Անդրկովկասի բարգավաճման և կայունության բանալին ներառական երկխոսությունն է, ծագող բոլոր հարցերի փոխադարձ ընդունելի պատասխանների որոնումը և արտաքին ուժերի կողմից տարածաշրջանն օտար աշխարհաքաղաքական սխեմաների մեջ ներքաշելու փորձերի չեզոքացումը:

Գործելով այս փոխըմբռնման համաձայն՝ մենք ակտիվորեն աջակցել ենք «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ստեղծմանը (մի կողմից՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, մյուս կողմից՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։ Արդեն երկու նիստ է գումարվել արտգործնախարարների մակարդակով։ Վրացիները դեռևս հետևում են գործընթացին, բայց նրանց հասկացրել են, որ բոլոր մասնակիցները նրանց սպասում են բանակցությունների սեղանի շուրջ։ Հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ։ Այդ նույն շրջանակում, անհրաժեշտ պայմանների հասունացմանը զուգընթաց, միանգամայն հնարավոր է քննարկել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031