Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Մայր Աթոռում տեղի է ունեցել 9-րդ միաբանական համագումարը

Հունիսի 16-21-ը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռում տեղի ունեցավ միաբանական համագումար, որին մասնակցում էին Սուրբ Էջմիածնի միաբաններ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես և ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

9-րդ միաբանական համագումարի խորագիրն էր «Սուրբ Էջմիածին՝ բանալի երկնի արքայության»։

Հունիսի 17-ին՝ միաբանական հավաքի բացմանը, մասնակիցներին ողջունեցին կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը և հանձնախմբի անդամ ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ․ Սիմեոն աբեղա Օդաբաշյանը։

Համագումարի մասնակիցներին իր օրհնությունն ու հայրական պատգամը բերեց նաև Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը ողջունեց Սուրբ Էջմիածնում համագումարի առիթով համախմբված Մայր Աթոռի միաբանների և Նվիրապետական Աթոռներից ժամանած եկեղեցականների ներկայությունը՝ ընդգծելով, որ ավանդություն դարձած նման հավաքները բարեպատեհ առիթ են զորանալու աղոթական ոգու մեջ, նաև հնարավորություն անդրադարձ կատարելու Հայ Եկեղեցու և ժողովրդի կյանքը հուզող հիմնախնդիրներին, համատեղ փնտրելու դրանց հաղթահարման ուղիները։

Նորին Սրբությունը, անդրադառնալով Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածնի բացառիկ առաքելությանը, ի մասնավորի նշեց․ «Հայոց Եկեղեցին՝ իր հոգևոր կենտրոնով, բոլոր ժամանակներում Տիրոջ լուսեղեն պատգամներն է փոխանցել հայորդյաց, հոգևոր, ազգապահպան իր առաքելությանը զուգընթաց օրհասական պահերին՝ պետականության բացակայության պայմաններում, ստանձնել քաղաքական առաջնորդությունը մեր ժողովրդի և միշտ եղել տերն ու պաշտպանը ազգային իրավունքների և քրիստոնեական մեր սրբազան արժեքների»։

Հայոց Հովվապետը, խոսելով հայրենիքի և ժողովրդի համար ներկայիս դժվարին ժամանակաշրջանի մասին, նաև մտահոգությամբ անդրադարձ կատարեց Հայաստանի վարչապետի կողմից Հայոց Հայրապետի և եկեղեցականության թիրախավորմանը՝ նշելով, որ ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու Եկեղեցուն, լռեցնել Եկեղեցու ձայնը և նվազեցնել նրա բարձր վարկն ու հեղինակությունը մեր հասարակության մեջ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը միաբաններին պատգամեց հայրենիքի և Հայոց Եկեղեցու առջև ծառացած այս նոր փորձությունների հանդիման լինել միասնական, իրենց կոչմանը հավատարիմ և ազգի հավատավոր զավակների սրտերում զորացնել հավատը, միաբանության ու համերաշխության ոգին։

«Այսպես, սիրելի միաբաններ, պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու անսասանությունը մեր պետականության, կերտել նոր առաջընթացն ու խաղաղ, բարօր կյանքը հայկազյան մեր ազգի և միշտ պայծառ պահել մեր Սուրբ Եկեղեցին։ Այս առումով պատասխանատվություն ունենք Աստծո, հայրենիքի և գալիք սերունդների առջև», — ընդգծեց Նորին Սրբությունը։

Վերջում Հայոց Հովվապետն իր բարձր գնահատանքը բերեց միաբանական համագումարի մասնակիցներին իրենց նվիրյալ և նախանձախնդիր սպասավորության համար՝ աղոթք բարձրացնելով առ Աստված, որ Տերը ապահով ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, իմաստություն շնորհի մեր ժողովրդին՝ համատեղ ջանքերով հասնելու խաղաղ և լուսավոր հանգրվաններին։

Համագումարի մասնակիցներին ողջունեցին նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները:

Հնգօրյա ժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները քննարկեցին Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած զանազան մարտահրավերներ, լսվեցին ադրի հիմնախնդիրներին առնչվող զեկույցներ և բանախոսություններ:

Միաբան հայրերը մասնակցեցին Արարատյան շաբաթվա Սուրբ Պատարագներին, որոնք ամբողջացան միաբանական ուխտի Սուրբ Պատարագով և Կաթողիկե Սուրբ Էջմիածնի սրբազան տոնակատարությամբ:

Հունիսի 21-22-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, կազմակերպիչ հանձնախմբի անդամները մի խումբ միաբանների հետ հովվական առաքելությամբ մեկնեցին նաև Սյունյաց թեմի համայնքներ։ Մայր Աթոռի միաբաններն այցելություններ կատարեցին Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների, ինչպես նաև բռնի տեղահանված արցախահայերի, բազմազավակ ու կարիքավոր ընտանիքներին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031