«Հրապարակ» թերթը գրում է․
Երեկ Արագածոտնի թեմի առաջնորդին եւ մի խումբ հոգեւորականների բերման ենթարկելու լուրն անակնկալի էր բերել նաեւ ԱԺ ՔՊ-ականներին: Նկատեցինք, որ տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ցիրունյանը հեռախոսով լուրերն էր կարդում եւ կլորացած աչքերով ցույց տալիս կողքը նստած Ալեքսան Ավետիսյանին ու քչփչում։ Հայկ Ցիրունյանը նաեւ ՔՊ վերահսկող մարմնի անդամ է, մի քանի հարց տվեցինք նրան։
— Պարոն Ցիրունյան, Փաշազադեն ․․․
— Չեղավ, «Փաշազադե» բառը որ օգտագործում ես, էլ հարցերին չեմ էլ ուզում պատասխանել։
— Բայց ի՞նչ օգտագործեմ, ես Ձեր մտածածը՝ Փաշինյանին նկատի չունեմ, ուզում էի հիշեցնել Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունը։
— Հա՜․․․
— 2 օր առաջ Փաշազադեն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայ առաքելական եկեղեցու հասցեին, որ «ապակառուցողական քարոզչության միջոցով» խաթարում են խաղաղության գործընթացը։ Արդյոք այս «հրահանգո՞վ» է ՀՀ իշխանությունը հերթական գրոհը սկսել Եկեղեցու դեմ։
— Բայց ի՞նչ գրոհ, ի՞նչ հարձակում․․․ Ես իրավապահների ձերբակալությունները չէի կապի մարդու հոգեւոր կամ իրավական կամ բիզնեսմեն․․․ քաղաքացին մնում է քաղաքացի, կարծում եմ՝ եթե ինչ-որ հանցանք կամ զանցանք է գործել, դրա համար էլ ձերբակալել են, կամ էլ ինչ-որ պատճառ կա։ Այսինքն՝ ես չեմ զատում, չեմ համարում, որ ցանկացած հոգեւորական ինքը կարող է հանցագործություն չգործի։ Մեր աչքով ենք տեսնում, որ Գյումրու հոգեւորականը կալանավորված է, այսինքն՝ դա կապ չունի։
— Ո՞րն է նրանց հանցանքը: Մի քանի ժամ տարել-պահել են, ոմանց տեղն է անգամ անհայտ, եւ տարօրինակ չէ՞, որ հոգեւորականները «հանցագործ» են դառնում, երբ իշխանություններին քննադատում են եւ երբ Ադրբեջանից դժգոհություն են հայտնում։
— Ես նման դավադրություններին ո՛չ ուշադրություն եմ դարձնում, ո՛չ էլ: Անգամ ծիծաղելի է թվում նման կապեր տալը, որ մեկը մի բան ասեց, այստեղ սկսվեց․․․ Դա լուրջ չէ, դա մեզ հետ կապ չունի, ոչ մի կապ չեմ տեսնում, երեւի իրավապահներն իրենց բացատրություններում հստակ կասեն, թե ինչու են նման քայլի գնացել։
— Ձեր քաղաքական թիմը չի թաքցնում, որ Եկեղեցու դեմ գործողություններ է պատրաստում, Նիկոլ Փաշինյանն այդ ծրագրի մասին անգամ մանրամասն գրառում է արել, կարո՞ղ ենք սա ընդունել իբրեւ նախերգանք` մեծ գրոհից առաջ։
— Պարոն Փաշինյանն ասել է․ «Վեհարանը՝ վեհին»։
— Ու այդ նպատակով քայլեր եք նախաձեռնում, որովհետեւ հոգեբանական գրոհն արդյունք չտվեց։
— Մենք քայլեր չենք նախաձեռնել, ոչ էլ նախաձեռնում ենք։ Կյանքն է այդպիսին, ամեն ինչ իր տեղում պետք է լինի եւ ամեն ինչ պետք է համապատասխանի ե՛ւ բարոյականությանը, ե՛ւ օրինականությանը։ Ոչ մի բան նախապես պլանավորում, նախաձեռնում չի լինում, եւ սա էլ նախերգանք չէ, որովհետեւ, կրկնում եմ՝ մենք ինչ-որ բան չենք նախատեսել։
— Ձեր համագումարի օրը Փաշինյանն ասաց, որ հնարավոր է հոկտեմբերին լինի Վեհարանն ազատելու միջոցառումը, սցենար էր գծել, որ հավաքվելու ենք Էջմիածնի հրապարակում։
— Ես չեմ ուզում այս մասերը մեկնաբանել։
— Մի պահ մոռացեք, որ իշխանական պատգամավոր եք, ո՞նց կվերաբերվեիք Եկեղեցու դեմ այս արշավին, դարեր շարունակ հայապահպան գործառույթ է ունեցել, կարելի՞ է այսպես վարկաբեկել, ոչնչացնել այդ ինստիտուտը։
— Իսկ դուք ո՞նց եք վերաբերվում, որ Հայ առաքելական եկեղեցու որոշ անդամներ տեռորիստական ակտի կոչ են անում, այսինքն՝ իրենց ներվո՞ւմ է, ինդուլգենցիա՞ են ստանում դրա պատճառով: Ինչ է թե հոգեւորական են, իրավունք ունեն տեռորիստական ակտերի կո՞չ անել։
— Իսկ դատարանի որոշում կա՞ այդ գործով: Միայն դուք եք սրբազանի գործը տեռորի նախապատրաստում բնորոշել՝ իշխանականներդ։
— Ես չգիտեմ՝ կա, թե չկա դատարանի որոշում։
— Բա չգիտեք ու պնդում եք, թե տեռակտի կոչեր են արել։
— Ո՞ւմ նկատի ունեք, թե որոշում չկա։
— Ենթադրում եմ, խոսում էիք Բագրատ սրբազանի գործից։
— Ոչ, նկատի ունեմ Աջապահյանին:
— Այսինքն, ժողբաստիոնում մարդն ազատ արտահայտվելու իրավունք չունի՞, հարցազրույցում կարծիք է հայտնել ընդամենը։
— Երեւի ունի, բայց եթե մեր երկրի դատարանը որոշում է կայացրել կալանավորման, ուրեմն ինչ-որ պատճառ կա։ Հասկանում եք՝ կա օրենք եւ կա օրենքի կիրառում, եթե օրենքը համապատասխանում է պետության եւ Սահմանադրության բոլոր կանոններին, նրան ձերբակալում են, էլ ի՞նչ կա, ես ընկնեմ այսուայն կողմ, ասեմ, գիտեք՝ ինքը հոգեւորական է, օրենքից դուրս է։
— Դուք երեւի մոռացել եք Փաշինյանի՝ տարիներ առաջ արած հայտարարությունը, թե «կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի», կյանքը ցույց տվեց, որ մեծ մասն անում է։
— Տարիներ առաջ, թե երբ, չգիտեմ, նման բան չկա, պարոն Փաշինյանը երբեք դատավորների ուղղորդում չի արել, ես մեր իշխանության ժամանակ նման բան չեմ նկատել, մենք օրենքի երկիր ենք կառուցում։
— Եվ օրենքի ո՞ր կետով են մի անմեղ նախադասության համար կալանավորել Սամվել Կարապետյանին։
— Ձեր հարցերը ձախից, աջից գալիս են, ես շատ բաներ չեմ ուզում մեկնաբանել։
— Սամվել Կարապետյանին կալանավորել են խոսքի, մի անմեղ նախադասության համար, այսպիսի՞ օրենքի երկիր եք կառուցում։
— Սամվել Կարապետյանին մի արտահայտության համար չեն ձերբակալել, դրա տակ լիքը-լիքը ե՛ւ պետական, ե՛ւ տնտեսական հանցանքներ կան։
— «Մեր ձեւով» հարցերը լուծելու արտահայտության համար են ձերբակալել։
— Դա Ձեր մեկնաբանությունն է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/270ff818edcb9080eee1f350bde6da97
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»














































