Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը գրել է.
«Սոցցանցերում ու որոշ լրատվականներում շրջանառվող տեսանյութով ներկայացվածը, թե իբր Երևանի քաղաքապետարանի շտապօգնության բրիգադի` «Արմենիա» ՀԲԿ տեղափոխած 2 անձի բուժօգնություն չի տրամադրվել, չի համապատասխանում իրականությանը:
«Արմենիա» ՀԲԿ-ի բուժանաձնակազմին լավ ծանոթ այս տղամարդիկ մեկ անգամ չէ, որ ալկոհոլային ինտոկսիկացիայից դուրս գալու համար այս բուժկենտրոնում բուժօգնություն են ստացել. երբևէ հաշվի չի առնվել ո՛չ նրանց ազգային պատկանելությունը, ո՛չ վճարունակ լինել-չլինելը:
Սակայն, երեկ նույն այս տղամարդիկ բուժօգնության կարիք չեն ունեցել, հետևապես, բժիշկների արձանագրմամբ` Սուր թունավորումների և վերակենդանացման բաժանմունք կամ որևէ այլ բաժանմունք հոսպիտալացնելու ցուցում չի եղել:
«Արմենիա» ՀԲԿ-ի բժիշկները, այդ թվում` վերակենդանացման բաժանմունքի վարիչը, մոտեցել են շտապօգնության մեքենային ու տեղում զննելով տղամարդկանց, պարզել` նրանք ընդամենը ալկոհոլի ազդեցության տակ են եղել, ինտոկսիկացիոն վիճակ չի եղել:
Հայտնի տեսանյութի նկարահանումից րոպեներ անց տվյալ անձինք սթափվել են և իրենց ոտքով հեռացել:
Սիրելի քաղաքացինե՛ր և գործընկերնե՛ր, վստահեցնում ենք, որ ՀՀ-ում յուրաքանչյուր ոք, ով ունի բժշկական օգնության, շտապ և անհետաձգելի բուժօգնության կարիք, անպայման ստանում է այն»։
Հիշեցնենք, երեկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադները 2 բուժառուի՝ մեկին Մալաթիա-Սեբաստիա, մյուսին էլ՝ Արաբկիր վարչական շրջաններից անգիտակից վիճակում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սակայն արդեն 40 րոպե հրաժարվել են բուժառուներին ընդունել։


















































