Լիբանանցի լրագրող Ամալ Խալիլի մարմինը հայտնաբերվել է իսրայելական ավիահարվածից ավերված տան փլատակների տակ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով լիբանանյան բարձրաստիճան զինվորականի։ Խալիլի մահը հաստատել է նաև Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելը «հետապնդել է» լրագրողներ Խալիլին և Զեյնաբ Ֆարաջին՝ հարված հասցնելով այն շենքին, որտեղ նրանք պատսպարվել էին առաջին հարձակումից հետո։ Իսրայելական բանակը հերքել է լրագրողներին միտումնավոր թիրախավորելու մեղադրանքները։
Լիբանանի մամուլի ակումբը ցավակցություն է հայտնել՝ հայտարարելով, որ Խալիլն իր կյանքով հատուցեց այն գործի համար, որին հավատում էր, և հարվածն անվանել է «լրագրողների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ Իսրայելի կանխամտածված արշավի» մաս։


















































