Արաքսյա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանում կրկին գրանցվել է մանկական բռնության հերթական դեպքը։ Եվ կրկին մենք բավարարվում ենք միայն հանցագործություն կատարած անձանց փնտրելով՝ անտեսելով ավելի խորքային, համակարգային խնդիրը։ Մինչդեռ այդ խնդիրը սոցիալական աշխատողների ոչ հետևողական, երբեմն՝ զուտ ձևական աշխատանքի մեջ է։
Երբ ընտանիքները տարիներով գտնվում են ռիսկային խմբում, բայց ակնհայտ խնդիրները «կորչում» են թղթաբանության մեջ, երբ վերահսկողությունը վերածվում է պարզապես հաշվետվություն լրացնելու գործընթացի, հետևանքը լինում է հենց սա։ Երեխան մնում է անպաշտպան այն համակարգի ներսում, որը կոչված է նրան պաշտպանելու։
Վերջին շրջանում գրանցված հերթական դաժան դեպքը ոչ թե բացառություն է, այլ ազդակ, որ համակարգը չի գործում այնպես, ինչպես պետք է։ Եվ ամեն նման դեպքից հետո պետք է ոչ թե պարզապես զայրանալ, այլ հստակ պահանջել փոփոխություններ՝ վերահսկողության խստացում, պատասխանատվության բարձրացում և իրական, ոչ ձևական աշխատանք։
Որովհետև յուրաքանչյուր ուշացած արձագանք արժենում է մի երեխայի մանկություն, խեղված ճակատագիր, ցավոք նաև՝ կյանք։

















































