Skip to main content

Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ | Կոտայքի մարզում կրшկել ու վիրավnրել են 2 պարեկի. ՆԳՆ | Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ | Փաշինյանն ազատել է ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանին, որը ներգրավված էր Կիրանցի և անհետ կորածների հարցերով աշխատանքներում | Հայաստանի լավագույն շախմատիստների տասնյակը | Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի | Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց | Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո | Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը | Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը | Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ ընտրապայքար Աբովյանում. Արթուր Հարությունյանը կառաջադրվի համայնքի ընտրություններում | Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ | Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել

Լրահոս

Արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտները կառավարության զեկույցում և իրականում. 168.am

168.am-ը գրում է․

Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում տեղ են գտել ևս երկու ուշադրության արժանի և միաժամանակ մտահոգիչ արձանագրումներ, որոնք վերաբերում են տնտեսության արտահանելի հատվածի հիմնական առանցքային ոլորտներին՝ արդյունաբերությանը և գյուղատնտեսությանը։

Զեկույցի 22-րդ էջում գրված է. «2025 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակաշրջանում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 3,3 տրլն ՀՀ դրամ՝ 2024 թվականի նույն ժամանակաշրջանի շուրջ 3 տրլն ՀՀ դրամի համեմատ աճելով 329,4 մլրդ ՀՀ դրամով կամ 4,7%-ով։

… Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների թվաքանակը 2025 թվականին կազմել է 94 998 մարդ՝ 2024 թվականի 90 850 աշխատողի համեմատ աճելով 4,148-ով կամ 4,6%-ով»։

Այստեղ կառավարությունը կրկին խուսափել է տալ ամենակարևոր հարցի պատասխանը՝ կառուցվածքային առումով ի՞նչ է կատարվում ոլորտի հետ՝ փոխարենը պարզապես փորձելով ստեղծել դրական դինամիկայի իմիտացիա։ Մասնավորապես, զեկույցում շրջանցվել է առանցքային ցուցանիշը՝ մշակող արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում։ Մինչդեռ հենց սա է կառավարության ծրագրով ամրագրված հիմնական թիրախներից մեկը, այն է՝ 2026 թվականին մշակող արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում հասցնել 15%-ի: Փաստացի պատկերը, սակայն, հակառակն է ցույց տալիս։ Եթե 2020-ին մշակող արդյունաբերության կշիռը կազմել է 12.4%, ապա 2025-ին այն նվազել է մինչև 11%։ Այսինքն՝ ոչ միայն առաջընթաց չկա, այլև արձանագրվել է հետընթաց։ Եվ, հաշվի առնելով ոլորտի առկա դինամիկան, 2026-ի ընթացքում կտրուկ աճ ակնկալելը պարզապես իրատեսական չէ։ Սա նշանակում է, որ կառավարության ծրագրով սահմանված 15% թիրախը մեծ հավանականությամբ չի ապահովվի։

Այս պատկերը հուշում է, որ արդյունաբերության ոլորտում ներկայացված «աճը» չի վերածվում կառուցվածքային փոփոխության, ոլորտի իրական դերակատարումը տնտեսությունում նվազում է։ Սա տնտեսական քաղաքականության ձախողման պարզ ցուցիչ է։

Նույնքան, եթե ոչ ավելի մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտի վիճակը։ Չնայած գյուղատնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող մի շարք խոշոր ծրագրերին՝ նոր այգիների հիմնում, մշակվող հողատարածքների ընդլայնում, անասնաբուծության խթանում, ընդհանուր արտադրողականության բարձրացում, զեկույցում հիմնական շեշտադրումն արված է ոչ թե արդյունքների, այլ գործընթացների վրա։ Օրինակ՝ նշվում է հիմնված այգիների հեկտարների աճը, սակայն չի խոսվում այն մասին, թե ինչ է դա տվել իրական արտադարանքի ծավալի տեսանկյունից:

Մինչդեռ վիճակագրությամբ պատկերը շատ ավելի բացահայտ է։ 2018-2023թթ. գյուղատնտեսությունը կուտակային անկում է գրանցել՝ շուրջ 18.9%։ Թեև 2024-2025թթ. որոշ դրական տեղաշարժեր կան, դրանք չեն փոխել ընդհանուր պատկերը։ Արդյունքում, 2025թ. դրությամբ գյուղատնտեսության ոլորտի արտադրանքը դեռևս շուրջ 13.3%-ով ցածր է 2017թ. մակարդակից (տես՝ ստորև գծապատկերում)։

Զեկույցում այս փաստերի վրա շեշտադրում, բնականաբար, չկա։ Փոխարենը նշված է, որ «Հիմնվել է 1,365 հա ինտենսիվ այգի: Հատկանշական է, որ ծրագրի շրջանակում փաստացի այգեհիմնումները մեկնարկել են 2019 թվականին՝ 37 հա, որի համեմատ 2025 թվականի ցուցանիշն աճել է շուրջ 37 անգամ։ 2025 թվականին 2024 թվականի համեմատ աճը կազմել է 9,7%: Ծրագրի մեկնարկից՝ 2018 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հիմնվել է 4,635 հա ինտենսիվ այգի»։

Ստացվում է տարօրինակ իրավիճակ. ոլորտը երկար ժամանակ է լուրջ խնդիրների մեջ է, բայց ներկայացվում են եզակի հաջողված ծրագրեր, բարձրաձայնվում են միայն «հարմար» թվերը՝ հեկտարներ, տոկոսներ, աշխատատեղերի աճ՝ դրանով փորձելով ազդել ընդհանուր պատկերի ձևավորման վրա։

Ամփոփելով՝ տնտեսությունը կանգնած է կառուցվածքային խնդիրների առաջ, բայց կառավարությունը հանրությանը ներկայացնում է վերահսկելի և հաջող ընթացքի պատկեր։ Սակայն որքան երկար իշխանությունն իրականությունը քողարկի ձևակերպումներով, այնքան ավելի կխորանա իրականության մեջ գոյություն ունեցող ճգնաժամը։ Իսկ դրա գինը վճարելու են ոչ թե զեկույցը գրողները, այլ տնտեսությունը, և, վերջին հաշվով երկրի յուրաքանչյուր քաղաքացին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև