Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում խոսել է հավաքականը բարդ ժամանակաշրջանում գլխավորելու որոշման, ազգային թիմի նկատմամբ անմնացորդ նվիրումի և այն ֆուտբոլիստների մասին, որոնք տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են կրել ազգային ընտրանու մարզաշապիկը։
Նա զուգահեռներ է անցկացրել հայկական ֆուտբոլի լեգենդների անձնազոհության և ներկայիս որոշ խաղացողների մոտեցումների միջև։
-Պարոն Մելիքյան, երբ Դուք գլխավորեցիք Հայաստանի ազգային հավաքականը, թիմը տևական ժամանակ հաջողություն չէր ունենում, իսկ առջևում Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հետ բարդագույն խաղն էր։ Ինչո՞ւ որոշեցիք ստանձնել այդ պաշտոնը. արդյո՞ք չկար վախ, թե ինչ կլինի պարտության դեպքում:
-Ես չեմ վախենում պարտվելուց։ Տեսնում էի, որ մեր հավաքականի համար բարդ ժամանակաշրջան է, և ցանկացա այդ դժվար պահին լինել նրանց կողքին ու տանել առաջ։ Եթե գնում ես պատերազմ, չպետք է մտածես մահանալու մասին։ Մենք պատերազմ տեսած ազգ ենք՝ տեսել ենք և՛ հաղթանակ, և՛ պարտություն, բայց մեր ոգին չի կոտրվում։ Ֆուտբոլում էլ է այդպես՝ կարող ենք հաղթել կամ պարտվել, բայց ինձ համար դա պատերազմ է, և պետք է շարժվել առաջ։ Ամենակարևորը ոտքերի վրա կանգնելն ու չհուսահատվելն է։
Իսկ ես հուսահատվում եմ միայն այն ժամանակ, երբ տեսնում եմ ֆուտբոլիստների, որոնք այս բարդ փուլում հրաժարվում են խաղալ ազգային հավաքականում։ Նրանց բերած պատճառաբանություններն ինձ բացարձակ չեն բավարարում։ Վերջին շրջանում ինքներդ էլ տեսնում եք այդ հրաժարվողներին, որոնք իրենց ակումբներում հանգիստ խաղում են, առողջությունը ներում է, բայց հենց հերթը հասնում է ազգային հավաքականին՝ չեն ցանկանում գալ։ Բերում են արգումենտներ, որոնք ես պարզապես չեմ կարողանում հասկանալ:
-Ո՞ւմ նկատի ունեք:
-Անուններ չեմ ցանկանում տալ։ Ես ինքս խաղացել եմ ազգային հավաքականում ու տեսել եմ իսկական նվիրյալների։ Տեսել եմ Ռոմիկ Խաչատրյանին, որի ոտքն այնքան ուռած էր, որ չէր կարողանում խաղակոշիկները հագնել. մենք էինք օգնում։ Տեսել եմ Արթուր Պետրոսյանին, որը ոտքը սրսկելով հազիվ մտնում էր դաշտ ու բառացիորեն մեռնում էր խաղադաշտում։ Տեսել եմ Արմեն Շահգելդյանին՝ ուռած ծնկով, այնպես կապած, որ չէր ծալվում, բայց նա խաղում էր։ Սարգիս Հովսեփյանը մինչև իր վերջին շունչը նվիրվեց հավաքականին։ Ես այսպիսի տղերքի եմ տեսել:
-Գուցե վիրավորանքնե՞ր են հնչել, դրա՞ համար են հրաժարվում:
-Եթե վիրավորանքի մասին պիտի խոսենք, ապա շատերը գիտեն իմ պատմությունը։ Երբ ես 27-28 տարեկան էի, Ռուբեն Հայրապետյանն ինձ հեռացրեց ազգային հավաքականից և ասաց՝ «վերջ, նա այլևս չի լինի թիմում»։ Ես այն ժամանակ երիտասարդ էի, սխալ էի թույլ տվել. չեմ էլ արդարանում ու նրան չեմ մեղադրում։ Գիտենք, որ Ռուբեն Հայրապետյանը չոր մարդ էր՝ չներեց և չընդունեց։ Հիմա ես նրան շատ լավ հասկանում եմ, բայց այն ժամանակ դա ինձ համար մեծ ցավ էր։
Անցավ մոտ երկու տարի, ու ինձ զանգահարեց Վարդան Մինասյանը, ով գլխավորում էր հավաքականը։ Ես Ուկրաինայում էի խաղում, և առջևում Թուրքիայի հետ հանդիպումն էր։ Չեմ կարծում, թե որևէ ֆուտբոլիստի այնքան նեղացրած լինեն, որքան ինձ, բայց երբ Մինասյանն ասաց, որ պատրաստ է ինձ հրավիրել, ես երկու գիշեր ուրախությունից չէի քնում։ Ես մոռացա ամեն ինչ՝ ով և ինչու է ինձ նեղացրել։ Պատրաստ էի գալ ու խաղալ հավաքականի համար։ Այն ժամանակ չմիացա թիմին զուտ փաստաթղթային խնդիրների պատճառով, քանի որ արդեն ունեի Ուկրաինայի քաղաքացիություն և հանդես էի գալիս ուկրաինական անձնագրով, ինչն օրենքով անհնար էր դարձնում իմ մասնակցությունը։ Ես միշտ առաջնորդվել եմ մեր ազգի, մեր ֆուտբոլի ու հավաքականի հանդեպ սիրով:
Իսկ հիմա… Ես ուրախ եմ, որ հրաժարվող տեսակները մաքրվում են մեր ազգային հավաքականից։ Թող մաքրվեն, որ ես իմանամ՝ ում հետ եմ գնում պատերազմի։ Ինձ ավելի լավ է անփորձ, զենքը լավ չբռնող, բայց կռվող տղա՝ ես նրան կսովորեցնեմ զենք բռնել, ու գիտեմ, որ նա մինչև մահ կգնա կռվի։ Ինձ այդ տեսակն է պետք։ Իսկ այն խոսակցությունները, թե իբր ինձ հետ կոնֆլիկտ ունեն, սուտ են։ Թող նայեն իմ աչքերի մեջ ու ասեն՝ ով է ինձ հետ կոնֆլիկտ ունեցել։ Ոչ ոք։ Իրենք իրենց պատճառներով են հրաժարվում, թող այդպես էլ ապրեն։ Ես կհավաքեմ նվիրյալներին. եթե պարտվենք՝ կպարտվենք միասին, հաղթենք՝ կհաղթենք, բայց ես հստակ կիմանամ, թե ում հետ եմ ճանապարհ անցնում։ Դա ինձ համար ամենակարևորն է։


















































