Գլխավոր դատախազությունում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի վերաբերյալ որևէ միջնորդություն չկա։ Այս մասին NewDay.am-ին հայտնում են դատախազությունից՝ մեկնաբանելով «Հրապարակ» թերթի հոդվածը, որում նշվում է՝ Սեյրան Օհանյանը դատախազության թիրախում է, նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն հնարավոր է կներկայացվի խորհրդարան։
NewDay.am-ը զրուցեց նաև պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, նա նշեց որ ինքը որևէ գործի շրջանակում նոր ծանուցումներ չի ստացել, բայց այս իշխանություններից հեռու չէ իրեն կալանքի տանելու քաղաքական որոշում կայացնելը։
«Եթե այդպիսի գործընթացներ են նախապատրաստում, ապա պարատավոր են պարզաբանումներ ներկայացնել։ Ես երբեք պատագամավորական մանդատի, անձեռնմխելիության թիկունքում չեմ թաքնվել, բոլորը գիտեն։ Ինչ գործընթացներ էլ լինեն, շինծու են՝ պայմանավորված իմ քաղաքական գործունեությամբ»-ասաց նա։
Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք որևէ նոր զարգացում, հանգամանք իր հետ կապված կա՝ «ՁորաՀԷԿ»-ի, «անորակ հրթիռների»-ի գործերի շրջանակներում, կամ որևէ նոր գործ իր հետ առնչությու ունեցող կա․
««ՁորաՀԷԿ»-ի գործի հետ կապաված վաղեմության ժամկետ կա, դատախազությունը այն հետ էր ուղարկել։ «Անորակ հրթիռների»-ի գործով հարցաքննվել էի, նոր զարգացում չկա։ «ՁորաՀԷԿ»-ի գործի հետ կապված նշեմ՝ խնդրով զբաղվել է մասնագիտական գերատեսչությունը՝ էներգետիկայի նախարարությունը եւ «ՁորաՀԷԿ»-ի որպես խոշոր գործարք անվան տակ վաճառելն իրականացվել է կառավարության որոշմամբ»,-ասաց նա։
Գեներալ-գնդապետը նշեց, որ նոր զարգացումներ չկան նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք կարող է Շուշիի անկման հետ կապված գործ հարուցվել, ապա Սեյրան Օհանյանն ասաց․
«Թող Շուշին հանձնելու համար այն դժգույն և դժբախտ անվանողին մեղադրեն»,-եզրափակեց գեներալը։
Անի Գևորգյան

















































