Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ հայտարարության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում։
«Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով ՀՀ կառավարության՝ տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Տոկաևն ու Փաշինյանը անդրադարձել են Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի «կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում»։
Ըստ Փաշինյանի՝ իրենց համանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության ու անկախության վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք հետաքրքրությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների ու տրանսպորտային կապուղիների դիվերսիֆիկացման հարցում պարարտ հող են ստեղծում վերոնշյալ ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացման համար։

















































