Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը ասաց, որ գազալցակայի պայթյունի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու տուժածների կյանքի համար բժիշկները պայքարում են։
Նա նշեց, որ տուժածներն ունեն մարմնի մակերեսի 60 տոկոսի այրվածք, այդ թվում՝ թոքային հյուսվածքի վնասում։
«Նրանք ունեն 3-4-րդ աստիճանի այրվածքների խորություն: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքի պայքար է գնում հիմա: Ծանր վիճակում գտնվողները շոկային վիճակում են, դրա համար մենք միջամտում ենք, որ անջատենք իրենց գիտակցությունը, որ ցավային ռեակցիան շատ արտահայտված չլինի»,- ասաց նա:
Մյուս 4 տուժածների վիճակն, ըստ բժշկի, գնահատվում է միջին ծանրության, կայուն: Նրանք գտնվում են բաժանմունքում, վիրակապություններ և համապատասխան բուժում են ստանում: Նրանց մոտ այրվածքի մակերեսը 20-25 տոկոս է՝ մոտավորապես 2-րդ աստիճանի խորությամբ: Այս պացիենտները ոտքի վրա են, գիտակցությունը տեղն է, իրենք իրենց սպասարկում են:
«Հիմա որոշակի միջամտություններ ենք կատարում, որից հետո հարազատներին թույլ կտանք մոտենալ»,- նշեց նա:
Հարցին՝ ո՞ր հատվածներում են այրվածքներ ստացել՝ նա պատասխանեց. «Ամեն ինչ կախված է նրանից, թե բոցի պահին իրենք ինչ դիրքով են եղել: Հիմնականում ուսագոտու շրջան, վերջույթներ:
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների մոտ գրեթե ամբողջությամբ այրված են վերջույթներն ու մեջքը:
Նա հավելեց, որ տուժածներից 6-ը միջին տարիքի տղամարդիկ են, մեկը՝ կին, որը ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներից մեկի կինն է: Նա դուրս է գրվել, դրսում է:
Հովհաննիսյանը նաև նշեց, որ կաևոր է վիճակի փոփոխությունը 5-7-րդ օրը և 7-10-րդ օրը, երբ թունավորումը հասնում է իր մաքսիմալ աստիճանին:
Նա ասաց, որ այս օրերին իրենք սպասում են պացիենտի վիճակի վատացում: Այս պահին գնահատել, թե ինչ է լինելու՝ չեն կարող։
















































