ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» կազմակերպությունը, համագործակցելով ֆրանսաբնակ պրոդյուսեր Նարե Թադևոսյանի հետ, իրականացնում է «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանին նվիրված ծրագիր՝ Ֆրանսիայում» նախագիծը։ Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 30֊ին, Ալֆորվիլի` Սալ դը կոնվիվալիտե, մշակութային կենտրոնում տեղի ունեցավ կինոռեժիսոր Պատրիկ Կազալսի «Ըմբոստը» ֆիլմի ցուցադրությունը:

Tert.am Life-ի հետ զրույցում Նարե Թադևոսյանը պատմեց, որ Փարաջանովի աշխատությունների վերաբերյալ դասախոսություններ վարեց վարպետի մասին բազմաթիվ հեղինակավոր աշխատությունների հեղինակ Նաիրի Գալստանյանը։
«Երեկոյին ներկա էր նաև ֆրանսիացի կինոռեժիսոր` Պատրիկ Կազալսը, ով հանդիսատեսի հետ կիսվեց` Սերգեյ Փարաջանովի հետ հանդիպման հիշողություններով։ Երեկոյան ներկա էին Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Սարո Մարդիրյանը, Ալֆորվիլ քաղաքի մշակութային ծրագրերի ուղղությամբ փոխքաղաքապետ Պարոն Ֆիլիպ Կաղը: Միջոցառումների շրջանակում մինչ նոյեմբերի 2֊ը Ալֆորվիլ քաղաքի Médiathèques d’Alfortville -ում կցուցադրվի Փարաջանովի աշխատանքների բացառիկ ցուցահանդես»,- մեզ հետ զրույցում նշեց պրոդյուսերը:



























































