Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր «Ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդը» պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով դառնալ պետության, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկերների և շահառուների միջև արդյունավետ երկխոսության և համագործակցության հարթակ։
Հունիսի 23-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ ձևավորված Խորհրդի անդրանիկ նիստը, որը կազմակերպվել է ՄԻՊ հաստատության և ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։
Նիստին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մոնիկա Սանդրին, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, պետական մարմինների այլ ներկայացուցիչներ, ոլորտային հասարակական կազմակերպություններ և անկախ փորձագետներ։
Նորաստեղծ խորհուրդը գործելու է որպես խորհրդատվական մարմին՝ աջակցելով ապաստան հայցողների, փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը և խթանմանը, ոլորտում առկա խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների մշակմանը։
Բացման խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաջնահերթ ուղղություններից է։
«Մեզ համար փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը ոչ թե առանձին դեպքերի արձագանքման հարց է, այլ երկարաժամկետ և համակարգային առաջնահերթություն»,– նշել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ոլորտային խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն բազմակողմ համագործակցության պայմաններում, երբ լսելի է դառնում ոչ միայն պետական մարմինների, այլև քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և հենց շահառուների ձայնը։
Այդ համատեքստում Պաշտպանը կարևորել է այն փաստը, որ խորհրդում ընդգրկված են նաև այնպիսի կազմակերպություններ, որոնք ստեղծվել և ղեկավարվում են փախստականների ու բռնի տեղահանված անձանց կողմից։
«Չափազանց կարևոր է, որ մարդկանց վերաբերող որոշումների կայացման գործընթացներում ներգրավված լինեն հենց այդ մարդիկ և նրանց ներկայացնող կառույցները։ Սա նրանց ձայնը լսելի դարձնելու և խնդիրները հասցեական ներկայացնելու կարևոր հնարավորություն է»,– ընդգծել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը նաև նշել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումներին զուգահեռ շարունակում են պահպանվել մի շարք մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են ոչ միայն իրավական և գործնական լուծումներ, այլև արդյունավետ հաղորդակցություն ու շահառուների պատշաճ իրազեկում։
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամ կազմակերպություններին և անկախ փորձագետներին՝ նախաձեռնությանը միանալու պատրաստակամության համար, ինչպես նաև բարձր է գնահատել միջազգային գործընկերների, մասնավորապես ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությունը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մոնիկա Սանդրին, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Նրանք կարևորել են համագործակցության նոր ձևաչափի ստեղծումը և վերահաստատել ոլորտում առկա խնդիրների լուծմանն աջակցելու պատրաստակամությունը։
Քննարկման ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձել ապաստան հայցողների, փախստականների և բռնի տեղահանված անձանց առնչվող հիմնական մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին։
Առանձնակի ուշադրություն է դարձվել միջգերատեսչական համագործակցության ամրապնդմանը, խտրական և տարբերակված մոտեցումների բացառմանը, ինչպես նաև շահագրգիռ կողմերի միջև կանոնավոր հաղորդակցության և հետադարձ կապի մեխանիզմների զարգացման անհրաժեշտությանը։
Ամփոփելով նիստը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ նորաստեղծ հասարակական խորհուրդը կոչված է դառնալու ազդեցիկ խորհրդակցական հարթակ, որը կնպաստի փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը, նրանց ձայնի լսելիության բարձրացմանը և պետական քաղաքականությունների մշակման գործընթացներում նրանց մասնակցության ընդլայնմանը։

















































