Skip to main content

Փաշինյանը Սահմանադրության նախագիծն օգտագործում է իր ավտորիտար իշխանությունը հավերժացնելու համար, սա անկախության տարիների ամենախոտան և ամենաանպիտան նախագիծն է. Վարդան Պողոսյան | Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը | «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին | Արցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանդրության Ալիևյան նախագիծը ապացուցում է ԵՄ մտնելու թեման ֆիկցիա է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զապն» ու «Օշականցին» ազատվել են կալանքից, այսպե՞ս եք պայքարում ենթամշակույթի դեմ․ հարց՝ նախարարին | Տնային կալանքը չի կիրառվի, եթե զnհն ու բռնարшրը կարող են նույն հասցեում բնակվել․ ՆԳ նախարար | 2027 թ․ հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի համակարգը կդառնա առավել գրավիչ. ՊԵԿ (տեսանյութ) | Օրինագիծն ակտուալ չէ, որովհետև տիկին Հակոբյանը զբաղված է տրանսպորտի խնդիրներով, կին վարորդներին սուլիչով ազդարարելու կոչերով. Ղազարյան | Իմ խորին համոզմամբ՝ Ձեր այսօրվա քայլերի նպատակը սեփական քաղաքական կյանքը երկարաձգելն է. այդ քայլերում խաղաղության պայմանագիրը ստորագրելու մտադրություն չեմ տեսնում. Անանյանը՝ Փաշինյանին | Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը շարունակում է նախընտրական հանդիպումները բնակիչների հետ | Հանրակրթական դպրոցի դասվարի կողմից աշակերտի նկատմամբ հոգեկան nւժեղ տառապանք պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին | Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան | Նոր Սահմանադրության նախագծով պետական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ կատարված հանցագործության դեպքում պետությունը կարող է քաղաքացիությունից զրկել․ Սրբուհի Գալյան

Լրահոս

Փաշինյանը Սահմանադրության նախագիծն օգտագործում է իր ավտորիտար իշխանությունը հավերժացնելու համար, սա անկախության տարիների ամենախոտան և ամենաանպիտան նախագիծն է. Վարդան Պողոսյան

Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը ոչ միայն լուրջ հետընթաց է ժողովրդավարության և իրավական պետության սկզբունքների տեսանկյունից, այլև իշխանության ավտորիտար կառավարման իրավական հիմքը ձևավորելու փորձ։ Նման տեսակետ ունի սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ընդծելով, որ նախագծով թուլացվում են մարդու հիմնարար իրավունքների երաշխիքները, սահմանափակվում քաղաքական մրցակցության հնարավորությունները, թուլացվում է հետադարձ ուժի արգելքի սկզբունքը, իսկ դատական համակարգը դրվում է իշխանության վերահսկողության ներքո։

«Սա Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին ներկայացված ամենախոտան, ամենաանպիտան Սահմանադրության նախագիծն է։ Ո՛չ իրավաբանական տեխնիկայի, ո՛չ էլ բովանդակության տեսանկյունից այն չի կարող Սահմանադրություն կոչվելու իրավունք ունենալ։ Այն բացարձակ հետընթաց է թե՛ ժողովրդավարության, թե՛ իրավական պետության տեսանկյունից»,- Tert.am-ի հետ զրույցում ասում է սահմանադրագետը։

Պողոսյանի համոզմամբ՝ նախագծի իրական նպատակը պետական կառավարման համակարգի կատարելագործումը չէ, այլ Հայաստանում ձևավորված ավտորիտար համակարգին սահմանադրական օրինականություն հաղորդելը։

«Մենք այսօր ունենք ավտորիտարից տոտալիտարի ձգտող քաղաքական համակարգ, որը հակասում է մեր Սահմանադրությանը։ Հիմա փորձում են այդ իրավիճակը դարձնել դե յուրե իրականություն՝ ստեղծելով մի Սահմանադրություն, որը իշխանության առջև որևէ սահմանափակում չի դնի, և այն կկառավարի սեփական կամքով»,- նշում է նա։

Սահմանադրագետի առաջին մտահոգությունը վերաբերում է նախագծի՝ մարդու իրավունքներին առնչվող երկրորդ գլխին։ Նրա գնահատմամբ՝ այստեղ առկա են ոչ միայն իրավաբանական տեխնիկայի կոպիտ սխալներ, այլև գործող Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար երաշխիքների էական թուլացումներ։

Պողոսյանը մասնավորապես մատնանշում է նախագծի 23-րդ և 24-րդ հոդվածների միջև առկա հակասությունները։ 23-րդ հոդվածը սահմանում է հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման արգելքները, իսկ 24-րդը՝ դրանց սահմանափակման շրջանակը։ Սակայն վերջինիս 9-րդ մասում, որտեղ թվարկված են սահմանափակման ոչ ենթակա իրավունքներն ու արգելքները, բացակայում են մի շարք կարևոր երաշխիքներ։

«23-րդ հոդվածում որպես արգելք ամրագրված է կամայականորեն կյանքից զրկելը։ Բայց 24-րդ հոդվածի 9-րդ մասում, որտեղ թվարկված են բացարձակ իրավունքները, այդ արգելքը ներառված չէ։ Ստացվում է, որ նախագծի տրամաբանությամբ՝ մարդուն կամայականորեն կյանքից զրկելու արգելքը կարող է սահմանափակվել։ Սա պարզապես զավեշտալի հակասություն է»,- ասում է Պողոսյանը։

Նույն խնդիրը, նրա խոսքով, վերաբերում է նաև անձին իր համաձայնությունից անկախ գիտական և բժշկական փորձարկումների, այդ թվում՝ եվգենիկական փորձերի ենթարկելու արգելքներին, որոնք նույնպես պատշաճ կերպով ներառված չեն բացարձակ արգելքների ցանկում։

Սահմանադրագետը մտահոգիչ է համարում նաև այն, որ նախագծով թուլացվում է այն անձանց պաշտպանության երաշխիքը, որոնց արտաքսման կամ այլ պետության հանձնելու դեպքում կարող են սպառնալ խոշտանգումներ, մահապատիժ կամ անմարդկային վերաբերմունք։

«Գործող Սահմանադրությունը նման դեպքերում բացարձակ արգելք է նախատեսում։ Իսկ նախագծում այդ երաշխիքը պատշաճ կերպով պահպանված չէ։ Սա մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լուրջ հետընթաց է»,- ընդգծում է նա։

Մեկ այլ էական փոփոխություն վերաբերում է քաղաքացիությունից զրկելուն։ Եթե գործող Սահմանադրությունն արգելում է անձին զրկել Հայաստանի Հանրապետության  քաղաքացիությունից, ապա նոր նախագիծը նման հնարավորություն է նախատեսում սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում։

«Ըստ Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար գլխի՝ եթե դու անզգուշաբար ինչ-որ տեղեկություններ ես տվել ինչ-որ մեկին, ընդ որում, պարտադիր չի, որ  լրտեսություն լինի,  արդեն դա հիմք կարող է դառնալ  քաղաքացիությունից զրկելու համար։

Պողոսյանի գնահատմամբ՝ այս ձևակերպումը կարող է լայն մեկնաբանությունների տեղիք տալ և քաղաքացիությունից զրկելու վտանգավոր հնարավորություն ստեղծել։

Նա հետընթաց է համարում նաև ազատությունից զրկելու հիմքերի կարգավորման փոփոխությունը։ Գործող Սահմանադրությունը սահմանում է այդ հիմքերի սպառիչ շրջանակը՝ թույլ չտալով օրենքով նոր հիմքեր ավելացնել։ Նոր նախագծով, սակայն, այդ հարցը թողնվում է օրենսդրի հայեցողությանը։

«Եթե Սահմանադրությունը չի սահմանում ազատությունից զրկելու հիմքերի սպառիչ շրջանակը, ապա օրենքով կարող են նոր հիմքեր նախատեսել՝ ընդլայնելով անձին ազատությունից զրկելու հնարավորությունները»,- ասում է սահմանադրագետը։

Նրա խոսքով՝ նախագծից դուրս են մնացել նաև մեղադրյալի պաշտպանության իրավունքի մի շարք հատուկ երաշխիքներ, որոնք գործող Սահմանադրությամբ ամրագրված էին մանրամասնորեն և համապատասխանում էին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներին։

Անդրադառնալով Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելու հարցին՝ Վարդան Պողոսյանը նշում է, որ դա, իր գնահատմամբ, ադրբեջանա-թուրքական պահանջ է։ Սակայն, նրա խոսքով, նախագծի վտանգները դրանով չեն սահմանափակվում։

«Ակնհայտ է, որ Անկախության հռչակագրին հղումը հանելը ադրբեջանա-թուրքական պահանջ է, և Նիկոլ Փաշինյանը մեծ հաճույքով դա անում է։ Բայց նոր Սահմանադրության նախագիծն օգտագործում է նաև իր ավտորիտար, տոտալիտար իշխանությունը հավերժացնելու համար՝ ունենալու մի Սահմանադրություն, որը նրան լեգիտիմ հնարավորություն կտա կառավարելու այնպես, ինչպես ինքն այսօր կառավարում է»,- ասում է նա։

Սահմանադրագետի համոզմամբ՝ իշխանության այդ նպատակին են ծառայում նաև ընտրական իրավունքին, քաղաքական մրցակցությանը և կուսակցությունների գործունեությանը վերաբերող փոփոխությունները։

Նա ուշադրություն է հրավիրում քաղաքական ուժերի նկատմամբ սահմանափակումների ընդլայնման և օտարերկրյա ֆինանսավորման հետ կապված դրույթների վրա, որոնք, ըստ նրա, կարող են հիմք դառնալ կուսակցությունների գործունեությունն արգելելու համար։

«Ամեն կերպ փորձում են չեզոքացնել քաղաքական մրցակիցներին։ Փաշինյանը խոստանում էր թույլ չտալ, որ ընդդիմությունը մասնակցի ընտրություններին։ Եթե այս նախագիծը դառնա Սահմանադրություն, նա կունենա այդ քայլի համար այսպես կոչված սահմանադրական հիմք»,- նշում է Պողոսյանը։

Նրա խոսքով՝ մտահոգիչ է նաև այն, որ նախագծի անցումային և եզրափակիչ դրույթներով նոր Սահմանադրության ընդունումից հետո Ազգային ժողովի նոր ընտրություններ անցկացնելու պահանջ նախատեսված չէ։ Փոխարենը՝ նախատեսվում է դատական համակարգի վերակազմավորման գործընթաց։

Սահմանադրագետի ամենալուրջ մտահոգություններից մեկը վերաբերում է նախագծի 85-րդ հոդվածին՝ «Դատավորների վերագնահատմանը»։

Դրույթով նախատեսվում է, որ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո բոլոր դատավորները, բացառությամբ Սահմանադրական դատարանի դատավորների, կդառնան դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ։ Նրանց հետագա պաշտոնավարումը կախված կլինի հինգ անդամից բաղկացած վերագնահատման հանձնաժողովի որոշումից։

Պողոսյանի խոսքով՝ հանձնաժողովը որոշելու է, թե գործող դատավորներից ովքեր կարող են շարունակել պաշտոնավարել, իսկ ովքեր՝ ոչ։

«Բոլոր դատավորների պաշտոնավարումը կախված է լինելու ՔՊ-ի կողմից նշանակված հինգ անձանց կամքից։ Իրենց քաղաքական իշխանության ընթացքում՝ հինգ տարվա ընթացքում այդ հանձնաժողովը որոշելու է, թե որ դատավորին արժե պահել, իսկ որին՝ հեռացնել»,- ասում է նա։

Թեև նախագիծը գործընթացը հիմնավորում է դատավորների մասնագիտական համապատասխանության, բարեվարքության և շահերի բախման կանոնների պահպանման գնահատմամբ, Պողոսյանի համոզմամբ՝ դրա իրական նպատակը դատական իշխանության նկատմամբ քաղաքական վերահսկողություն հաստատելն է։

Նա ուշադրություն է հրավիրում նաև հանձնաժողովի ձևավորման կարգին. դրա անդամներն ընտրվելու են Ազգային ժողովի ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, ոչ թե երեք հինգերորդով։

«Սա անթաքույց ցույց է տալիս, որ իրենց համար որևէ զսպաշապիկ, որևէ սահմանափակում գոյություն չունի։ Նրանք ուզում են ունենալ հնարավորություն՝ որոշելու, թե որ դատավորին պահեն, իսկ որին՝ ոչ»,- ընդգծում է սահմանադրագետը։

Նախագծի մեկ այլ մտահոգիչ դրույթ, ըստ Պողոսյանի, վարչապետին զինված ուժերի գլխավոր հրամանատարի կարգավիճակ վերապահելն է՝ անկախ նրանից՝ երկիրը պատերազմի՞, թե՞ խաղաղության մեջ է։

Նա հիշեցնում է, որ գործող Սահմանադրությունը հստակ տարանջատում է խաղաղ և պատերազմական իրավիճակներում զինված ուժերի կառավարման սկզբունքները։ Խաղաղ պայմաններում ռազմական ղեկավարումն իրականացնում է Գլխավոր շտաբի պետը, իսկ պատերազմի ժամանակ վարչապետն է ստանձնում գերագույն գլխավոր հրամանատարի դերը։

«Գործող Սահմանադրության ամբողջ հայեցակարգն այն էր, որ միայն պատերազմական իրավիճակում է անհրաժեշտ, որպեսզի վարչապետը լինի գերագույն գլխավոր հրամանատարը։ Խաղաղ պայմաններում այդ լիազորությունը նախատեսված է Գլխավոր շտաբի պետի համար։ Հիմա Փաշինյանն այդ լիազորությունը վերցնում է իր վրա»,- ասում է նա։

Սահմանադրագետի գնահատմամբ՝ այս փոփոխությունն էլ է տեղավորվում իշխանության կենտրոնացման ընդհանուր տրամաբանության մեջ։

«Եթե այս ոստիկանական պետության ուժերը բավարար չլինեն, նա ցանկանում է ունենալ նաև օրինական լծակներ՝ զինված ուժերը համապատասխան ձևով օգտագործելու համար։ Այստեղ ևս նույն մղումն է՝ ամրապնդել, ցեմենտել և հավերժացնել քաղաքական իշխանությունը»,- եզրափակում է Վարդան Պողոսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30