Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևն այցելել են Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ տեղակայված զորամաս, ստուգել ստորաբաժանումների մարտական պատրաստությունը։ Ադրբեջանն ակտիվորեն զինվում է և պատրաստվում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, եթե Փաշինյանն ու ՔՊ-ն փորձեն չկատարել Բաքվի բոլոր պահանջները։ Ադրբեջանը նոր զինատեսակներ է գնել 2020թ․-ի պատերազմից հետո՝Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից և այլ երկրներից, զարգացրել է սեփական ռազմական արդյունաբերությունն ու ԱԹՍ զորամիավորումներ է ստեղծել։ Եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է խաղաղություն հաստատել ՀՀ-ի հետ, ապա ինչու է Բաքուն ինտենսիվորեն վերազինվում և ավելացնում է ռազմական բյուջեն՝չնայած Փաշինյանը կրճատում է բանակն ու գումարներն ուղղում ոստիկանությանն ու սեփական թիմի պարգևավճարներին։ Ադրբեջանը հետապնդում է երեք նպատակ։ Առաջին փուլում հայաթափել և գրավել Արցախն, ինչը նրանք իրականացրել են Փաշինյանի և ՔՊ-ի վրա հենվելով։ Երկրորդ փուլում՝վերազինվել՝առանց կրակոցի հսկողություն սահմանել Հայաստանի ռազմավարական բարձունքների, լոգիստիկայի նկատմամբ՝Արցախը վերածելով Սյունիքի դեմ ռազմական պլացդարմի և ամրոցի։ Եվ երրորդ փուլում՝Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ՝Սյունիքն ու Սևանի արևելյան ափն օկուպացնելով՝Հայաստանը կտրելով Իրանից և ռազմական, դեմոգրաֆիական և տնտեսական առումներով վերածել «failed state»-ի։ Ադրբեջանի պանթուրքական ծրագրին դիմակայելու համար ՀՀ-ում պետք է իշխանության գան ազգային, պետականամետ, պրոֆեսիոնալ ուժեր, որոնք կարող են վերազինել բանակը, վերականգնել տնտեսությունն ու հավասարակշռված արատաքին քաղաքականություն վարել։
Անդրանիկ Պետրոսյան
















































