Skip to main content

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ վրաերթի զոհ դարձած զինծառայողի հիշատակը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քյարքին Հայաստանի տարածք չէ». Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ Արեգնազ Մանուկյանի գործի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ կառավարության դիմաց. Կան բերման ենթարկվածներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մազերիցս քաշեցին, քարշ տվեցին ոստիկանները. քաղաքացի | Ես խնդիր եմ տեսնում նրանում, որ Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ. Նիկոլ Փաշինյան | Զինվորները վազելուց են եղել. Վահան համայնքի վարչական ղեկավարը՝ զինծառայողների վրшերթի մասին | Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք | Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու․ Սամվել Կարապետյան | Լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ, քաղաքացու են բերման ենթարկել | Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրшերթի դեպքով վարորդը ձերբակալվել է. ՔԿ | Շուշիի դեօկուպացիայի մասին գրել էինք մեր նախորդ ծրագրում, ՀՀ քաղաքացիները ինձ պարտադրեցին վերանայել դա. Փաշինյան | «Լացում էր, գոռում, ծանր վիճակում էր». զինվորներին վրшերթի ենթարկած վարորդը Վահան գյուղից է, 3 անչափահասի հայր | ՀՀ-ն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն. Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Ընտրությունների արդյունքում ամուսնուս վերընտրվելը վարչապետի պաշտոնում դիտարկում եմ որպես հնարավորություն՝ հետևողականությամբ շարունակելու նախաձեռնությունների իրականացումը. Հակոբյանը՝ Նյու Յորքում

Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, գտնվում է Նյու Յորքում՝ մասնակցելու Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային, որը կազմակերպվում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային դաշինքի (Global Alliance of First Ladies and Gentlemen) կողմից։ Եռօրյա ինտենսիվ ակադեմիան անցկացվում է «Ֆորդ» հիմնադրամի Սոցիալական արդարության կենտրոնում։ Այս մասին հայտնում են  «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից:

«Այս տարվա ակադեմիաին մասնակցում են նաև Սլովենիայի, Անգոլայի, Սենեգալի, Գվատեմալայի և այլ երկրների առաջին տիկնայք և պարոնները: Այն կրում է «Առաջնորդությունը գլոբալ անորոշության ժամանակներում» խորագիրը։ Դասընթացների քննարկումները կառուցված են առաջնորդության երեք առանցքային ուղղությունների շուրջ՝ առաջին տիկնանց և առաջին պարոնների առաջնորդության առանձնահատկությունները, ազգային նախաձեռնությունների առաջխաղացումը բարդ միջավայրերում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համագործակցության դերը գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում։

Հունիսի 30-ին  պաշտոնական բացման ժամանակ, մասնակիցներին ողջունեցին GAFLG-ի հիմնադիր և նախագահ դոկտոր Կորա Նեումանը և համահիմնադիր, գործադիր տնօրեն Նիկոլ Ֆիլդը։ Նրանք ներկայացրեցին ակադեմիայի առաքելությունն ու այս տարվա օրակարգը՝ ընդգծելով, որ առաջին տիկնայք և առաջին պարոնները, իրենց վստահության, հեղինակության և առաջնորդության շնորհիվ, կարող են իրական և երկարաժամկետ փոփոխություններ բերել իրենց երկրներում։ Բացման խոսքում նաև նշվեց, որ ակադեմիան իրականացվում է Յեյլի և Կոլումբիայի համալսարանների դասախոսների և փորձագետների մասնակցությամբ՝ համախմբելով միջազգային լավագույն փորձը հանրային առաջնորդության ոլորտում։

Դասընթացի սկզբում մասնակիցները ներկայացան` կիսվելով վերջին տարիների իրենց գործունեությամբ, գլխավոր նախաձեռնություններով և այն մարտահրավերներով, որոնց բախվում են իրենց առաքելությունն իրականացնելիս։

Իր ելույթում տիկին Աննա Հակոբյանը ներկայացրեց վերջին տարիների գործունեության երեք հիմնական ուղղությունները։ Նա նշեց, որ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում իր ամուսնու վերընտրվելը վարչապետի պաշտոնում դիտարկում է որպես հնարավորություն՝ վերանայելու իր առաջնահերթությունները և առավել հետևողականությամբ շարունակելու արդեն իսկ մեկնարկած նախաձեռնությունների իրականացումը։

Առաջինը խաղաղության օրակարգն էր։ Նա նշեց, որ երկար ժամանակ ջանքեր է գործադրել խաղաղ ճանապարհով հակամարտությունների լուծման գաղափարի շուրջ տարբեր երկրների գործընկերների, առաջին տիկնանց և, առհասարակ, կանանց համախմբելու ուղղությամբ՝ հավատալով, որ կայուն խաղաղությունը հնարավոր է կառուցել երկխոսության և համագործակցության միջոցով։

Երկրորդ առանցքային ուղղությունը «Կրթվելը նորաձև է» համապետական շարժումն է։ Աննա Հակոբյանը նշեց, որ դրա նպատակը շարունակական կրթությունը Հայաստանի հասարակական կյանքի ամենակարևոր արժեքներից մեկի վերածելն է՝ փոխելով կրթության նկատմամբ հանրային վերաբերմունքն ու ընկալումը: Խոսելով շարունակական կրթության կարևորության մասին՝ տիկին Հակոբյանն ընդգծեց, որ նախ և առաջ ինքն է առաջնորդվում այդ սկզբունքով․ նախորդ տարի նա ընդունվել է Պեկինի Նորմալ համալսարանի մագիստրոսական ծրագիր՝ ուսումնասիրելու չինական փիլիսոփայությունը:

Երրորդ առաջնահերթությունը վերաբերում էր ընտանեկան բռնության կանխարգելմանը։ Նա վերջերս սկսել է ուսումնասիրել ընտանեկան բռնության վիճակագրությունը Հայաստանում, դրա տարածվածությունն ու իրական պատմությունները։ Նրա համոզմամբ՝ այս ոլորտում առկա են լուրջ մարտահրավերներ, որոնց լուծման ուղղությամբ ևս անհրաժեշտ է իրականացնել հետևողական աշխատանք։

Այնուհետև առաջին տիկնայք և պարոնայք մասնակցեցին «Փափուկ ուժ, սոցիալական առաջնորդություն և տարածաշրջանային դաշինքներ» թեմայով աշխատաժողովին, որը վարեց ALMA Alliance-ի նախագահ դոկտոր Լուկրեսիա Պեյնադոն։ Իսկ օրվա ավարտին Յեյլի համալսարանի Հուզական ինտելեկտի կենտրոնի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր և բեսթսելերների հեղինակ դոկտոր Մարկ Բրաքեթը անցկացրեց «Վերադարձ դեպի ներքին հավասարակշռություն․ դիմակայունություն, սահմաններ և նպատակային առաջնորդություն» թեմայով ինտերակտիվ դասախոսությունը՝ անդրադառնալով առաջնորդի ներքին կայունությանը, հուզական ինտելեկտին, հոգեբանական դիմակայունությանը և արժեքահեն առաջնորդությանը։

Վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանի մասնակցությունը նման բարձր մակարդակի միջազգային ակադեմիային կարևոր հնարավորություն է՝ ուսումնասիրելու հանրային առաջնորդության և դիվանագիտության լավագույն միջազգային փորձը, զարգացնելու նոր գիտելիքներ և դրանք հետագայում ծառայեցնել Հայաստանի կրթական, սոցիալական և հասարակական զարգացման ծրագրերին»,-հայտնում են հիմնադրամից:

Facebook
Twitter

Կարդացեք նաև