Թբիլիսյան խճուղի 3/9-ը Հակակոռուպցիոն դատարանի հասցեն է: Այնտեղ տանող ճանապարհը քարուքանդ ու անմխիթար վիճակում է։ Ասֆալտը տեղ-տեղ ամբողջությամբ քայքայված է, որոշ հատվածներ ուղղակի հողածածկ են՝ լցված քարերով, ավազով: Այս դատարանում են քննվում պետական և համայնքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցերը։ Այս մասին գրել է Հետքը։
«Միայն 2025 թվականի ընթացքում պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով վերադարձվել է շուրջ 67 միլիարդ դրամի գույք։ Իսկ դատարաններում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 155 հայցերի ընդհանուր արժեքը մոտ 596 միլիարդ դրամ է։
Դատարանի հարևանությամբ Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջն է, ՀԷՑ-ի կայանը, «ՄԼ մայնինգ» ընկերության ավազի կուտակման տարածքը։
Դատարանի տարածքով անցնում են նաև հողով և ավազով բեռնված բեռնատարներ։ Դրանց երթևեկությունից բարձրացած փոշին տարածվում է ճանապարհի ամբողջ երկայնքով՝ դժվարացնելով դատարան հասնելը։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը աշխատանքի բերումով հաճախ է Հակակոռուպցիոն դատարան այցելում։
«Հատկապես այն փուլերում, երբ բեռնատարներն են անցնում ճանապարհով, բավականին խիտ փոշի է լինում, և անգամ առանց դիմակի հնարավոր չէ այդ հատվածն անցնել»,- ասում է նա։ Փորձագետի դիտարկմամբ՝ ճանապարհը հավասարապես դժվարանցանելի է թե՛ երթևեկողների, թե՛ հետիոտների համար»,-գրում է կայքը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

















































