Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-ին և 2-ին կմասնակցի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Տոնոյանի փաստաբան Ավետ Կարապետյանը։
Անազատության մեջ գտնվող Դավիթ Տոնոյանը միջնորդել էր թույլ տալ իրեն մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին
Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հայտարարությամբ է հանդես եկել Դավիթ Տոնոյանը և նշել, որ այդ հանձնաժողովի հանդեպ ունեցած վերապահումներով հանդերձ, որոշել է ներկայանալ՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով:
44-օրյա պատերազմից մեկ տարի անց կալանավորված պաշտպանության նախկին նախարարը դեռ ապրիլի վերջին էր պատրաստակամություն հայտնել պատասխանել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հարցերին, սակայն, պայմանով, եթե վարչապետ Փաշինյանն էլ մասնակցի ու նիստը բաց լինի։ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քննիչ հանձնաժողովի նիստին, որն ուղիղ հեռարձակվել է։

















































