Skip to main content

Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Համբարձումյանը պատասխանում է ընտրողների հարցերին | Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա Ղահրամանյան | Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել | Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն | Ըստ ՆԳՆ-ի՝ նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում (Տեսանյութ) | Պռոշյան գյուղում «Mercedes»-ը բшխվել է գովազդային վահանակի երկաթե սյանը․ կան վիրավnրներ | Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան Աբրահամյան | Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է իր քաղաքական առաջարկները ձևակերպի․ Վահե Հովհաննիսյան | Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն | Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին | Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի Թովմասյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Լրահոս

ՔՊ ցուցակից դուրս մնացած Հակոբ Արշակյանը ինչ ունեցվածքով է հեռանում քաղաքական առաջնագծից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ի՞նչ ունեցվածքով է հեռանում Ազգային ժողովից նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ով ՔՊ նախընտրական ցուցակից դուրս մնաց և քարոզարշավներին չի էլ մասնակցում։

Մինչ քաղաքական շրջանակներում քննարկվում է նրա հնարավոր «քաղաքական դադարը», «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ամբողջական կերպով վերականգնել պաշտոնյայի գույքային ու եկամտային պատկերը՝ սկսած 2018 թվականից մինչև 2025 թվականի վերջին հայտարարագրերը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «մեկ տողանոց կենսագրությամբ ՔՊ-ական շատ պաշտոնյաներ են եկել իշխանության, որոնք գրեթե 8 տարում հասցրել են 3-4 պաշտոն փոխել՝ հարստացնելով կենսագրությունը։ Այդպիսի պաշտոնյաներից է նաև Հակոբ Արշակյանը»։

Իսկ ո՞վ էր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մինչ հեղափոխությունը։

2010-2014 թվականներին նա աշխատել է որպես «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ, իսկ 2014-2017 թվականներին՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար։ Հեղափոխությունից առաջ այսպիսին է եղել Արշակյանի կենսագրությունը։ Իսկ հեղափոխությունից հետո նա զբաղեցրել է գրեթե 5 պաշտոն։

2018 թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն։
2018 թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։
2018-2019 թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար։
2019-2021 թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
2021 թ. հունիսի 20-ին ՔՊ ցուցակով ԱԺ պատգամավոր է դարձել, ապա օգոստոսի 4-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։

Արշակյանը նաև աշխույժ ակտիվիստական գործունեություն է ծավալել և կենսագրությունում առանձնացրել է այդ կետերը. 2008-2012 թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ, 2012 թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ, 2014 թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ։

Հուլիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ նա միջանցքում հրեց ընդդիմադիր պատգամավորի հղիության 7-րդ ամսում գտնվող օգնականին։

Ինչպե՞ս է փոխվել Ազգային ժողովի նախագահի տեղակալի ունեցվածքը

2021 թվականի տարեկան հայտարարագիրը ցույց է տալիս զգալի ֆինանսական հոսքեր։

Նրա տարեկան եկամուտները կազմել են ավելի քան 31.4 մլն դրամ, որից մոտ 18 մլն դրամը ստացվել է գույքի վաճառքից, իսկ մնացածը՝ աշխատավարձերից պետական մարմիններում։

Անշարժ գույքի բաժնում նշվում է, որ պաշտոնյան ունի Երևանի Դավթաշեն վարչական շրջանում բնակարաններ՝ մեկը գնման, մյուսը՝ նվիրատվության հիմքով ձեռք բերված։ Տարվա ընթացքում նա օտարել է նաև մեկ բնակարան՝ շուրջ 18 մլն դրամ արժեքով գործարքով։

Տրանսպորտային միջոցների վերաբերյալ հայտարարագրում տվյալներ չկան։

Ֆինանսական միջոցների մասով նշվում է, որ նրա բանկային հաշիվների մնացորդը տարվա ընթացքում նվազել է՝ մոտ 3.4 մլն դրամից հասնելով շուրջ 293 հազար դրամի։ Կանխիկ միջոցների բաժնում ներկայացված են նաև գումարներ, այդ թվում՝ դրամային և արտարժութային խնայողություններ։

2022 թվականի հայտարարագրով Արշակյանի տարեկան աշխատավարձը կազմել է 11,186,806 դրամ։ Տարվա վերջում նրա բանկային մնացորդը կազմել է շուրջ 398,800 դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 10 հազար ԱՄՆ դոլար և 4 մլն դրամ։ Նա շարունակել է տիրապետել Դավթաշենում գտնվող բնակարանին, իսկ ֆինանսական պարտավորությունների մասով արձանագրվել է շուրջ 4.5 մլն դրամ հիփոթեքային պարտք։ Տարվա ընթացքում այլ խոշոր գույքային փոփոխություններ չեն եղել։

2023 թվականի տվյալներով ԱԺ նախագահի տեղակալի եկամուտները կազմել են 17,207,526 դրամ։ Այդ գումարի մեջ ներառվել են աշխատավարձը՝ 13,881,648 դրամ, եկամտային հարկի վերադարձը՝ 3,295,878 դրամ և ապահովագրական հատուցումը՝ 30,000 դրամ։ Տարվա վերջում բանկային մնացորդները նվազել են, որոշ հաշիվներ զրոյացել են, իսկ կանխիկ միջոցները կազմել են մոտ 2.5 մլն դրամ և 9.5 հազար դոլար։ Վարկային պարտավորությունները տարվա վերջում կազմել են շուրջ 5.5 մլն դրամ։ Գույքային կառուցվածքը պահպանվել է՝ Դավթաշենի բնակարան և Ջրվեժի այգետնակ։

2024 թվականի հայտարարագրում նրա ընդհանուր եկամուտները կազմել են շուրջ 18.3 մլն դրամ՝ հիմնականում ԱԺ աշխատակազմից և եկամտային հարկի վերադարձից։ Բանկային հաշիվներում եղել է շուրջ 756 հազար դրամ, կանխիկ՝ մոտ 2.5 մլն դրամ և 9.5-10 հազար դոլար։ Վարկային պարտավորությունները կազմել են մոտ 4.4 մլն դրամ։ Գույքային կառուցվածքում պահպանվել են Դավթաշենի բնակարանը և 2023 թվականին ձեռք բերված Ջրվեժի այգետնակը։

2025 թվականի հայտարարագիրն արդեն ցույց է տալիս առավել ակտիվ գույքային շարժ։ Արշակյանը տարվա ընթացքում վաճառել է Դավթաշենում գտնվող բնակարանը՝ 40 մլն 800 հազար դրամով, և նույն տարվա հունիսին ձեռք է բերել նոր բազմաբնակարան բնակարան՝ 28 մլն 250 հազար դրամով։ Բացի այդ, գնել է 2024 թվականի արտադրության BYD մակնիշի ավտոմեքենա՝ 17 մլն 439 հազար դրամ արժողությամբ։ Տարվա վերջում նրա սեփականության մեջ մնացել են նոր բնակարանը և Ջրվեժի այգետունը։

Ֆինանսական մասով 2025 թվականին նրա տարեկան եկամուտը կազմել է 21 մլն 32 հազար դրամ, որի հիմնական մասը՝ 17.8 մլն դրամ, ստացվել է ԱԺ աշխատակազմից, իսկ մնացածը՝ եկամտային հարկի վերադարձից և դասախոսական գործունեությունից Երևանի պետական և Ռուս-հայկական համալսարաններում՝ շուրջ 194 հազար դրամ։ Տարվա վերջում նրա կանխիկ միջոցները կազմել են 10 հազար դոլար և 2.5 մլն դրամ, բանկային մնացորդը՝ շուրջ 503 հազար դրամ։ Վարկային պարտավորությունները կազմել են 32.6 մլն դրամ, իսկ տարվա ընթացքում շուրջ 2.4 մլն դրամ ուղղվել է վարկերի մարմանը։ Վերանորոգման ծախսերը գերազանցել են 9.8 մլն դրամը։

Այսպիսով, 2018 թվականի հեղափոխությունից հետո պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Հակոբ Արշակյանը քաղաքական ակտիվ շրջանն ավարտում է զգալիորեն փոխված գույքային և ֆինանսական պատկերով։ Եթե իշխանության գալուց առաջ նրա կենսագրությունը հիմնականում սահմանափակվում էր մասնավոր հատվածում զբաղեցրած պաշտոններով, ապա վերջին յոթ տարիներին նա հասցրել է զբաղեցնել մի շարք առանցքային պետական պաշտոններ՝ զուգահեռաբար ձևավորելով անշարժ գույքի, դրամական միջոցների և վարկային պարտավորությունների նոր կառուցվածք։

Թե արդյոք ՔՊ նախընտրական ցուցակից դուրս մնալը կնշանակի քաղաքական կարիերայի ավարտ, թե ընդամենը ժամանակավոր դադար, դեռ պարզ չէ, սակայն հայտարարագրերը փաստում են, թե ինչ գույքային և ֆինանսական վիճակով է նա հեռանում ակտիվ քաղաքական առաջնագծից»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30