«Հարգելի լոռեցիներ ու վանաձորցիներ, դուք կանգնած եք պայքարի ակունքներում, այս շարժումից շատ ավելի շուտ եք սկսել գործընթացները։ Ի դեմս ձեզ՝ մենք առաջին քաղբանտարկյալն ենք ունեցել, Մամիկոն Ասլանյանը։ Դուք առաջիններից էիք, որ ընկալեցիք ժամանակի ոգին և առաջինը դուք ընդվզեցիք»,- հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համահիմնադիր Սուրեն Պետրոսյանը՝ Վանաձորում ընթացող հանրահավաքի ժամանակ։
Պետրոսյանն ասաց, որ շարժման պայքարը իրականում չհաջողել չի կարող։
Ըստ Պետրոսյանի՝ ուղղակի հնարավոր չէ, պայքարն այլևս անցել է անդառնալիության կետը։
«Ես սա ասում եմ, ոչ թե որ դրան հավատում եմ, կամ ինչպես ասում են, կտրվել եմ իրականությունից, այլ այն պատճառով, որ այս շարժման առաքելությունը, գաղափարները, որ ընկած են դրա հիմքում, արտահայտում են բոլորի իղձերը, ցանկությունները»,- նշեց Պետրոսյանը։
Պետրոսյանը ասաց նաև, որ Ադրբեջանում ևս հասկանում են այդ մասին, ինչի հետևանքով սկսել են խստացնել պահանջները՝ սկսած Խոջալուի իրադարձությունների համար ներողություն խնդրելուց, մինչև Մինսկի խմբի լուծարման մասին հայտարարություններ։ Սա նրանց համար վերջին հնարավորությունն է, երևի էլ նման հնարավորություն չեն ունենա, վերջին շաբաթներն են, կամ վերջին ամիսն է, որից փորձում են օգտվել։


















































