ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով | Հարցը սա է՝ ուզո՞ւմ ենք տրանսպորտային համակարգը զարգանա, թե ուզում ենք ունենալ իկարուսներ, գազելներ, հետո` հուսահատության գազելներ. Փաշինյանը՝ նոր համակարգի մասին | Կենտրոնական բանկը կարևոր հայտարարություն է տարածել | Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան | Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ | Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել | Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քայլող վտանգ ես, աղջիկ ջան»․ Անդրանիկ Քոչարյանը վախեցած է | Եթե հաղորդագրության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն. փոխվարչապետը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում ճանապարհ հանձնելու մասին | ՀՀ քաղաքացիություն ստանալը կդառնա 50, քաղաքացիությունից հրաժարվելը` 150.000 դրամ | Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը | «Շատ ես հպարտանալու քո Անահիտով, խոստանում եմ». Անահիտ Հակոբյանը մանկության լուսանկարներից է հրապարակել | Տրանսպորտի ծառայությունների գնի թանկացումը որոշակի ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր ընտանիքի դրամական ծախսերի և խնայողությունների վրա. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Հովիկ Աղազարյանի կնոջմահը կապ ունի իր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ | ՀՀ օրհներգում փոփոխության մասին օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լրահոս

Ալիևը հասկանում է, որ գործնական խաղաղության որևէ հեռանկար չկա, ուստի օգտագործում է իր ուժային առավելությունը ՀՀ-ի նկատմամբ. Հակոբ Բադալյան

Երեկ՝ հունվարի 7-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրել է հայտարարություններ «Զանգեզուրի միջանցքի» բացման, «Խաղաղության պայմանագրի» մասին և ոչ միայն: Ադրբեջանի նախագահը մասնավորապես նշել է, որ «Եթե Հայաստանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա այն մեզ էլ պետք չէ։ Մենք կկարողանանք ապրել և իրականացնել մեր քաղաքականությունն՝ առանց այն ստորագրելու», իսկ այսպես կոչված  «Զանգեզուրի միջանցքի» մասին նշել, որ «այն պետք է բացվի և կբացվի»:

Ալիևի հայտարարությունների շուրջ Tert.am-ը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ:

-Պարոն Բադալյան, ինչի՞ մասին են խոսում Ալիևի հայարարությունները, Բաքվի՝ այս տրամադրվածության պայմաններում  «Խաղաղության պայմանագրի» կնքումը իրատեսական համարո՞ւմ եք:

 Խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական չէր ոչ երեկ, ոչ վաղը և իրատեսական չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք Կովկասի առնչությամբ չունենք աշխարհաքաղաքական որևէ կոնսենսուսի կամ աշխարհաքաղաքական փոխըմբռնման որևէ էական դրսևորում և հանգրվան։ Որովհետև որքան էլ Կովկասում խաղաղության սուբյեկտները լինելու են Հայաստանը և Ադրբեջանը, եթե խոսում ենք հայ-ադրբեջանական հարցի վերաբերյալ, միևնույն է, այդ ամենի գլխավոր շահառուները աշխարհաքաղաքական ուժային կենտրոններն են:  Գործնականում պատերազմն այսօր  համաշխարհային վերաբաժանման համար է, և բնական է, որ դա իրատեսական չի դարձնում հաստատուն խաղաղությունը որևէ տարածաշրջանում, այդ թվում նաև Կովկասում:  Ադրբեջանն էլ օգտագործելով այս համաշխարհային այս իրավիճակը, հասկանալով որ այդտեղ գործնական խաղաղության որևէ հեռանկար մեծ հաշվով չկա, դիտարկելով իր ուժային առավելությունը Հայաստանի հանդեպ՝  վարում է առավելապաշտական քաղաքականություն։ Ալիևի հարցազրույցn իր մեջ որևէ նոր բան չէր պարունակում և արտահայտում էր հերթական անգամ Ադրբեջանի առավելապաշտությունը Հայաստանի հանդեպ:

-«Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ հայտարարությունը ինչպե՞ս կգնահատեք: Բանակցող կողմերից մեկը հայտարարում է, որ միջանցքի հարց չի քննարկվում, մյուս կողմը խոսում այն բացելու մասին:

-Այս հարցում էլ գլխավոր խնդիրը լինելու է հենց աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների  դաշտում, և կարծում եմ` Ադրբեջանի այդ հայտարարությունները, որոնք հասցեագրվում են Հայաստանում, բուն իմաստով, ուղղված են այն կենտրոններին, որոնց համար կարևորագույն հարցն է Կովկասով անցնող կոմունիկացիաների վերահսկողությունը։ Մենք այստեղ տեսնում ենք տարբեր մոտեցումներ՝ Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի  և իհարկե, նաև Եվրատլանտյան բևեռում խաղացողների։ Նույնիսկ հավաքական Արևմուտքն այս հարցում տարբեր մոտեցումներ ունի, տարբեր են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրիտանիայի մոտեցումները: Եվ այս իմաստով, ես կարծում եմ՝ Ալիևի այս հայտարարությունների բուն հասցեատերը հենց այդ ուժային կենտրոններն են, այսինքն վերջին հաշվով նրանք են կոմունիկացիաների ճակատագրի գլխավոր շահառուն: Ամեն ինչ կախված է  նաև նրանից, թե Հայաստանը իր հերթին ինչպես կաշխատի առանցքային այդ շահառու ուժային կենտրոնների հետ։ Առաջիկա օրերին սպասվում է մի իրադարձություն, որը կարող է առանցքային նշանակություն ունենալ նաև այդ ուղիների ճակատագրի տեսանկյունից, խոսքը Մոսկվայում ռուս-իրանական մեծ պայմանագրի ստորագրման մասին է, որը համենայնդեպս անոնսավորվել է նաև դիվանագիտական մակարդակով և սպասվում է հունվարի 17-ին, երբ Իրանի նախագահը կայցելի Մոսկվա։ Եթե այդ պայմանագիրը ստորագրվի, ապա ես կարծում եմ, որ տարածաշրջանային կոմունիկացիաների խնդրի կառավարման հարցում առավել մեծ ազդեցություն կստանա հենց Ռուսաստան-Իրան տանդեմը։  Հիմա, Ալիևը, ապավինելով իր ուժին, փորձում է առավելագույնը կորզել: Խաղաղության խաչմերուկը Երևանի համար էլ մանևրելու տարբերակ է, Երևանը փորձում է դրանով ասել, որ ինքը որևէ ճամբարում չի դիրքավորվում: Որքանով է սա կենսունակ մարտավարություն,  բարդ է ասել:

-Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, արդյո՞ք նա հանրությանը ներկայացնում է  բանակցությունների իրական կողմը:

-Ըստ իս, Երևանը պարզապես փորձում է այդ աշխարհաքաղաքական դիմակայության մեջ մանևրել այն անորոշության և անկանխատեսելիության պայմաններում, որ կա, որովհետև մենք տեսնում ենք, որ օրերի ընթացքում կարող է ուժերի բալանս փոխվել և  դա բացառված չէ նաև Կովկասում, իսկ այդ պայմաններում շատ բարդ է այն խաղացողների համար,  որոնք ուժի գործոնի տեսանկյունից հուսալի վիճակում չեն։ Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է մանևրել եղած սուղ հնարավորություններով: Ես կարծում եմ, որ Երևանը չի մտնում Ալիևի հռետորաբանության  հետ սիմետրիկ դիրքավորման մեջ, այսինքն, նույն կերպ չի փորձում պատասխանել, որովհետև ուժերի բալանսը պարզապես թույլ չի տալիս իրական քաղաքականության ռեժիմում այդպիսի հարաբերության մեջ մտնել, բայց այստեղ կա մեկ այլ խնդիր:  Խուսափելով դրանից՝ Նիկոլ Փաշինյանը թույլ է տալիս բավական վտանգավոր և անցանկալի մի պատկեր, նա հավասարեցնում է Հայաստանի և Ադրբեջանի կարգավիճակները, Նիկոլ Փաշինյանն իր պատասխաններում հայելային իրավիճակ է ձևակերպում, մի քանի անգամ օգտագործում է «ինչպես մենք, այնպես նրանք» ձևակերպումներ, և հավասարեցնում  իրավիճակը, այն դեպքում, երբ իրավիճակը բոլորովին հավասար չէ: Հայաստանը հրաժարվելով Ադրբեջանի ագրեսիվությունը և ֆաշիստական բնույթը բարձրաձայնելու իրավունքից, ավելի շատ  արդարացնում է Ադրբեջանի հաշվարկները:

-Ալիևի այս հայտարարությունների ֆոնին հնարավոր էսկալացիայի հավանականությունը ինչպե՞ս եք գնահատում:

-Էսկալացիայի հավանականությունն այդ հայտարարություններից չեն կախված,  այդ հայտարարությունները կարող են նույնիսկ չլինել, բայց դրանից չի նվազում էսկալացիայի վտանգը, որովհետև էսկալացիայի վտանգները խմորվում են աշխարհաքաղաքական մակրոմիջավայրում։ Ադրբեջանը ինքնուրույն ռեգիոնալ էսկալացիա հրահրելո քաշային կատեգորիա նա ինքնուրույն չի կարող որոշել՝ իրականացնի էսկալացիա, թե ոչ: Այդ իմաստով Ադրբեջանի նախագահի հարցազրույցները չեմ կարծում, որ առանցքային ելակետ կամ ինդիկատոր են։ Օրերի ընթացքում պատկերները կարող են փոխվել, ցավոք սրտի, Սիրիայի իրավիճակը դրա վառ վկայությունն է: Շատ կարևոր է, թե Հայաստանն այդ մակրոմիջավայրում խաղացողների հետ ինչպիսի փոխհարաբերություն և դիվանագիտական աշխատանք կիրականացնի այդ ռիսկերը կառավարելու համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև