Հանրակրթական դպրոցներում ի հայտ եկող խնդիրներից մեկը վերաբերում է դասագրքերում տեղադրված QR կոդերով տեսանյութերին։ Tert.am-ն ահազանգ էր ստացել, որ 3-րդ դասարանի դասագրքի դասի մաս կազմող QR կոդով բացվող վիդեոհոլովակը ջնջված է հեղինակային իրավունքների խախտման համար:
Թեմայի շուրջ Tert.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու՝ արդյոք սա մեկուսացված խնդիր է, թե առկա է համակարգային բացթողում։
«Ըստ հրատարակչության ներկայացրած պարզաբանման` «Մանմար» հրատարակչության «Ռուսաց լեզու 3։ Մաս 2» դասագրքի էջ 65-ում QR կոդով հղում է տրված «Յութուբ» հարթակում տեղադրված «Трое из Простоквашино» մուլտֆիլմի վրա` հաշվի առնելով, որ մուլտֆիլմի դիտումը կապվում է ուսումնասիրվող դասանյութի հետ։
«Մանմար» հրատարակչության կողմից ընտրվել է «Յութուբ» հարթակում ազատ դիտման, բաց հասանելիությամբ տեսանյութը` ապահովելով պատշաճ հղումը»,- պարզաբանել են նախարարությունից:
Tert.am-ի հետ զրույցում խնդրին անդրադարձել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ նշելով, որ հարցն ունի մի քանի շերտ:
«Եթե տեսանյութը բաց հասանելի էր «Յութուբում», թվում է՝ կարելի էր օգտագործել։ Բայց անգամ այդ դեպքում անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն ունենալ։ Երբ նման թույլտվություն չկա, արդյունքում նման դեպքեր են լինում՝ հղումը չի գործում, երեխան չի կարողանում նայել ուսումնական նյութը»,–ասաց նա:
Դիտարկմանը, ըստ նախարարության, հղում եղել է, բայց մյուս կողմից էլ կա փաստ, ահազանգ ծնողի կողմից, որ չի բացում տեսանյութը, որովհետև հեղինակային իրավունքները խախտված են, Խաչատրյանն ասաց. «Այո՛, դա խնդիր է: Պատասխանատվությունը հեղինակներինն է, որովհետև հեղինակային իրավունքն իրենցն է և եթե ինչ-որ բան այն չէ, իրենք պետք է պատասխան տան»:
Խաչատրյանի խոսքով՝ դասագրքերում ցանկացած արտաքին բովանդակություն՝ լինի դա պատկեր, գծագիր, թե տեսանյութ, պետք է ունենա օգտագործման թույլտվություն՝ օրենքով սահմանված կարգով։ «Հաճախ դա գումար ու ժամանակ է ենթադրում, պետք է դիմես այն ստեղծողին՝ արդյոք ինքը համաձայն է, որ այդ դասագրքում այդ նյութի հղումը դրվի: Բայց մեզ մոտ այդ մշակույթը դեռ շատ զարգացած չէ, ժամանակն էլ այնքան կարճ է, որ հեղինակներն ավելի շատ մտածում են հասցնելու մասին, քան նման հնարավոր խնդիրների»,- պարզաբանեց նա:
Փորձագետը նաև անդրադարձել է ծնողների մեկ այլ ահազանգի՝ նույն դասարանի համար տարբեր դասագրքերի առկայությանը։
«Հնարավոր է, միևնույն առարկայից լինի մի քանի դասագիրք։ Դպրոցը կամ ուսուցիչն է ընտրում, որով դասավանդի։ Բայց սա էլ խնդիրներ է առաջացնում։ Մեկ ուսուցիչ նախընտրում է մի գիրք, մյուսը՝ այլ, և կարող են ներքին հակասություններ առաջանալ»,-ասաց Խաչատրյանը։
Նա նկատեց, որ այս տարբերությունները հատկապես խորանում են, երբ տարբեր դասագրքեր գրվում են տարբեր մեթոդական մոտեցումներով: Սա, ըստ նրա, շփոթություն է առաջացնում թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար։
Ինչ վերաբերում է դասագրքերի ընտրության գործընթացին, Խաչատրյանն ընդգծեց՝ գնահատման մեխանիզմը թերի է. «Չափորոշիչներ թղթի վրա կան, բայց դրանց կիրարկումը շատ հաճախ կամայական է։ Կախված նրանից՝ ով է գնահատում դասագիրքը, կարող է բարձր գնահատական տալ նույնիսկ այն դեպքում, երբ նյութն ակնհայտ թերի է։ Սա սուբյեկտիվ պրոցես է, որի արդյունքում լավագույնները միշտ չեն անցնում»։
Փորձագետի խոսքով՝ դասագրքերի հետ կապված խնդիրները նշվածներով չեն ավարտվում։ «Ներկայումս կան մի շարք առարկաներ, որոնց դասագրքերը դեռևս հասանելի չեն: Այս տարի 12 առարկայից դասագիրք չկար։ Անցյալ տարի՝ 11։ Ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին էլ որոշ առարկաներից գրքեր չեն լինի։ Խոսքը վերաբերում է ինչպես հումանիտար, այնպես էլ բնագիտական առարկաներին՝ օրինակ՝ հայոց պատմություն, քիմիա, երկրաչափություն, ինֆորմատիկա, օտար լեզուներ և այլն»,-նշեց Խաչատրյանը։
Խաչատրյանի խոսքով՝ նման իրավիճակը նորմալ երկրում համակարգային ճգնաժամ կհամարվեր, սակայն Հայաստանում այն դարձել է արդեն ընդունված վիճակ: «Ուսուցիչները հին դասագրքերով, լրացուցիչ նյութերով են աշխատում։ Բայց սա չի կարող երկարաժամկետ լուծում լինել»,- ընդգծեց փորձագետը: