Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Ընկալյալ կարգի համաձայն հավատացելոց երկրպագության համար դուրս էր բերվել նաև Սկևռայի սրբոց մասանց պահարանը։
Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ և ուխտավոր հայորդիներ:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Պատարագիչ Սրբազանն իր քարոզում շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետին օծման ու գահակալության տարեդարձի կապակցությամբ և անդրադարձավ Վեհափառ Հայրապետի հոգևոր, մշակութային, կրթական ու եկեղեցաշեն գործունեությանը՝ ի մասնավորի նշելով. «Այսօր ազգովի տոնում ենք գահակալության 27-րդ տարեդարձը Հայոց Հոր՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի։ Մեծագործ հայրապետներից մեկը, ով լսեց Տիրոջ պատվիրանները և կատարեց դրանք և, ըստ Տիրոջ խոսքի, արժանացավ ավելիին՝ կանչվելով առաքելահաստատ Աթոռին բարձրագույն ծառայության:
Քսանյոթ տարի… Սա ժամանակի մի մեծ հանգրվան է, որն իր մեջ ամփոփում է ոչ միայն մեկ հայրապետի կյանքն ու ծառայությունը, այլև մեկ ժողովրդի, մեկ սերնդի նորագույն պատմության ամենահուզումնալից, վերելքներով ու հավատի հաղթանակներով լի շրջանը: Հայրապետը Լուսավորչի գահը ստանձնեց մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանն ու հայությունը նոր էին ոտք դրել անկախության դժվարին ճանապարհին: Այս 27 տարիները եղան ամբողջական նվիրումի, ամենօրյա աղոթքի, անխոնջ աշխատանքի և հայրենասիրության մի մեծ մատյան, որի ամեն էջը վկայություն է»։
Անդրադառնալով վերջին տարիներին Հայրենիքի և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին՝ Սրբազան Հայրը նշեց․ «Այսօր, այս սուրբ խորանի առջև, ի դեմս Հայրապետի, կենդանանում է մարգարեի խոսքը. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, դրա համար իսկ նա օծեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, հռչակելու Տիրոջ ընդունելի տարին…» (Եսայի 61:1):
Այս 27 տարիները հոգևոր «ընդունելի տարվա» հռչակման տարիներ են: Չնայած պատերազմներին, տնտեսական դժվարություններին, հոգևոր ու քաղաքական ցնցումներին՝ Հայրապետն անխոնջ կերպով իր ուսերին կրում է պատասխանատվության այս խաչը՝ աղոթելով ժողովրդի բարօրության, հայրենիքի խաղաղության և եկեղեցու միասնության համար: Քսանյոթ տարվա հայրապետական խաչ՝ ի սպաս ժողովրդի, աստվածային հանձնառության իրագործում՝ գործով ու կյանքով»։
Վերջում Մուշեղ Սրբազանը դիմելով ներկաներին՝ հորդորեց միասնաբար ախղոթել Երկնավոր Տիրոջը, որ Իր անպարտելի Աջով հաստատուն պահի մեր Սուրբ Եկեղեցու հիմերը, խաղաղություն շնորհի մեր հայրենիքին, և երկար, արգասաբեր ու քաջառողջ տարիներ պարգևի մեր Հոգևոր Հորը, որպեսզի նրա հայրապետական գավազանը շարունակաբար առաջնորդի հայ ժողովրդին դեպի փրկություն ու հավիտենականություն:
Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք՝ հանդիսապետությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի։
Ներկաներն աղոթք բարձրացրեցին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաև Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության և բազմամյա գահակալության համար:
















































