Հայ-ռուսական Համալսարանի ուսանողները, շրջանավարտները ապրիլի 12-ից ստորագրահավաք են սկսել՝ ընթացիկ տարվա մայիսի 5-ին Համալսարանի Ընդհանուր ժողովի բնականոն աշխատաքի ընթացքն ապահովելու նպատակով:
Մինչ այս պահը շուրջ 3000 ուսանողներ, շրջանավարտներ, պրոֆեսորա-դասախոսական կազմի, ինչպես նաեւ վարչակազմի ներկայացուցիչներ են միացել հայտարարված ստորագրահավաքին: Չնայած նրան, որ Համալսարանական ողջ հանրույթը ունի առաջադրած միասնական թեկնածու, սակայն տևական ժամանակ է ինչ առկա է մտավախություն, որ Ընդհանուր ժողովի արդյունքները չեն հաստատվելու Հինադիրների կողմից:
Ենթադրվում է, որ արդյունքների չհաստատման պարագայում կատարվելու է ռեկտորի կամ վերջինիս պաշտոնակատարի միակողմանի, ակնհայտ ապօրինի նշանակում՝ ինչը նախատեսված չէ Համալսարանի Հիմնադիր փաստաթղթերով:
Ըստ գործող իրավակարգավորումների, որեւէ անձի ռեկտորի պաշտոնում հաստատելու համար անհրաժեշտ է բացառապես Համալսարանի Ընդհանուր ժողովի որոշում՝ ընտրության միջոցով: Ենթադրյալ պաշտոնակատարի ենթադրյալ նշանակման լուրերը առաջացրել են Համալսարանական ողջ հանրույթի զայրույթը, ինչի պատճառով էլ արդեն քանի օր է Համալսարանում եւ համացանցում սկսվել է վերոնշյալ ստորագրահավաքը:
Հավելենք, որ երկուշաբթի՝ ապրիլի 17-ին, ստորագրահավաքը նախաձեռնող խմբի ներկայացուցիչները՝ հանրագիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարին հանձնելու նպատակով ցանկություն ունեն հանդիպելու վերջինիս հետ: Մինչեւ հանդիպումը՝ ժամը 12:30-ին, նախաձեռնող խմբի անդամները ԶԼՄ ներկայացուցիչներին հրավիրում են նախարարության մուտքի մոտ՝ մամուլի ասուլիսի, որի ընթացքում վերջիններս հանգամանալից կներակայացնեն ողջ գործընթացը, ինչպես նաեւ կպտասխանեն առաջադրված հարցերին:
Շնորհակալություն համագործակցության համար:


















































