ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը:
Նրա խոսքով՝ այս տեսակի բռնությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն:
«Մենք երկու երկրների ղեկավարներին կոչ ենք անում, որ երբ նրանք հանդիպեն Բրյուսելում ամսի 14-ին, համաձայնեն իրենց ուժերը հետ քաշել սահմանի երկայնքով, ինչպես քննարկվել է պետքարտուղար Բլինկենի կողմից՝ այստեղ՝ Վաշինգտոնում, մայիսի սկզբին մեր հյուրընկալած բանակցություններին իրենց մասնակցության ժամանակ», — ասել է փոխխոսնակը։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի չորս վիրավոր: Ադրբեջանը հայտնել է զոհի մասին:
ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է:
Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։


















































