«Փաշինյանը երեկվա ասուլիսից հետո հայտնվեց հակապետական, հակասահմանադրական դաշտում, նա լեգիտիմ չէ, և դա ունի բարոյական, քաղաքական, իրավական հիմք։ Եթե 2018–ին Փաշինյանը, մարդկանց զգացմունքները և մղումները սեփականաշնորհելով, մանիպուլյացիաներ և պոպուլիզմ կիրառելով, եկավ իշխանության, ապա 2021-ին նա դա արեց մեծ խաբեության օգնությամբ, այդ խաբեության միջոցով տեղի ունեցավ իշխանության զավթում, իսկ հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է հանձնվում Արցախը և վտանգվում Հայաստանի գոյությունը»,– հայտարարեց Թևանյանը։
Նրա խոսքով` 2021–ին նախընտրական շրջանում Փաշինյանը խոստացավ, որ բերելու է խաղաղություն` զուգահեռաբար տեր կանգնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, հասնելով Շուշիի և Հադրութի դեօկուպացիային։
Ըստ նրա` երկիրն այնպիսի մարտահրավերների առջև է կանգնած, որ յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն դրսևորի և որոշում կայացնի, այդ թվում` ՔՊ անդամները, քանի որ կոլեկտիվ անպատասխանատվությունն այս դեպքում չի աշխատելու։ Թևանյանը վստահ է, որ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա արածի և չարածի համար։
«Արցախն Ադրբեջան չէ, և վերջ, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և վերջ»,– եզրափակեց իր ելույթը Թևանյանը։
Խաչատրյանն ընդգծեց` Արցախը Փաշինյանի սեփականությունը չէ, և նա չի կարող որոշել Արցախի ու արցախցիների ճակատագիրը։


















































