«Մենք հետամուտ ենք լինելու առ այն, որ այս անվերջանալի զիջումների շղթան ավարտվի։ Մենք շուտով հանդես ենք գալու խաղաղություն՝ առանց զիջումների, զիջումները դադարեցնելու ծրագրով, որի մասին ավելի մանրամասն կհայտնենք երկու շաբաթ հետո՝ հաջորդ քառօրյայի ընթացքում»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Անդրադառնալով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին՝ նա ասաց․ «Ուժեղ Հայաստանը» փոքր հաջողություն արձանագրեց առ այն, որ հարցուպատասխանի վերջում հասանք նրան՝ Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ նա չի պատրաստվում ադրբեջանցի զինծառայողին՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու դեպքում արտահանձնել Ադրբեջան»։ Ըստ նրա Շաքիի դեպքը փորձություն էր Ադրբեջանի կողմից, որը Նիկոլ Փաշինյանը ձախողեց․ «Ալիևը շարունակում է զիջումներ պահանջել ՀՀ-ից, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է զիջումների գնալ։ Փաստացի դա վկայում է այն մասին, որ ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ-ն թուլացնում է ներսից, Ալիևը՝ դրսից»։
Հարցին՝ ի՞նչ գործողություններ եք նախատեսում Նիկոլ Փաշինյանի հեռացման համար, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Հիմա ԱԺ-ում ունենք ինստիտուցիոնալ պայքար, որի արդյունքում ԵԽԽՎ-ն հրապարակեց այն զեկույցը, որը վերաբերում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին, որտեղ արձանագրված են աննախադեպ խախտումներ, որոնք տեղի են ունեցել նախընտրական փուլում, ընտրությունների օրը և հետընտրական գործընթացներում։ Մեր պայքարի ընդհանուր մոդելը ինստիտուցիոնալ պայքարն է ԱԺ-ում։ Լինելու է փողոցային պայքար, լինելու է մեկ անգամ և լինելու է հաղթական»։


















































