Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բռնազավթված Շուշիում, ելույթ ունենալով զինծառայողների առջև, նոր սպառնալիքներ է հնչեցրել՝ ուղղված հայկական կողմին։ Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ՝ սեպտեմբերի 13-14-ը տեղի ունեցած գործողությունից հետո, Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են հիմնական ռազմավարական բարձունքներում։
«Այսօր այդ ռազմավարական բարձունքներից կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, մեր տեսադաշտում է նաև Սևանա լիճը»։ Ալիևն ասել է, որ հայակական կողմը պետք հասկանա, թե դա ինչ է նշանակում։
Ալիևը անդրադարձել է նաև Արցախում տեղակայացված ռուս խաղաղապահներին։
«Ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանակավորապես են տեղակայված։ Նրանց տեղակայման ժամկետը հստակ նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրում, և եթե նրանք որևէ մեկի հետ դեռ հույս են կապում, ապա միևնույն է, նոր ողբերգության կբախվեն»,- հայտարարել է Ալիևը։


















































