Նյու Յորքում Մորգանի անվան գիտական և հետազոտական գրադարան-թանգարանում հայտնաբերվել է լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի՝ նախկինում անհայտ երաժշտական ստեղծագործությունը. վալսը գրվել է գրեթե 200 տարի առաջ: Ֆրեդերիկ Շոպենի ստորագրությամբ պարտիտուրը հայտնաբերել է հաստատության համակարգողներից մեկը, հայտնում է New York Times-ը։ Ռոբինսոն ՄաքՔելլանը թերթին պատմել է, որ սկզբում վստահ չէր, թե արդյոք ստեղծագործությունն իսկապես Շոպենինն է: Նա խորհրդակցել է Փենսիլվանիայի համալսարանից Շոպենի ստեղծագործությունների ուսումնասիրմամբ զբաղվող գիտնականի հետ: Ի վերջո, թանաքն ու թղթի տարիքը ուսումնասիրելուց հետո հաստատվել է, որ պարտիտուրն իսկապես Շոպենի ստեղծագործությունն է։


















































