Skip to main content

Վաղը մեկնելու եմ Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հnւղարկավորությանը. շփումներ կլինեն Իրանի ղեկավարության հետ․ Նիկոլ Փաշինյան | Երկաթուղիները ՀՀ-ի սեփականությունն են, պիտի ծառայեն մեր շահերին. սահմանափակումների ֆոնին հայկական կողմը չի վերանայի իր մոտեցումը. Փաշինյան | Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան | ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին | Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար | Մենք չենք կարող դույլով ծիրան տանել ԵՄ. Նիկոլ Փաշինյան | ՀԿ-ից զանգահարել են «Միասնության թևեր»-ի սեփականատերերին և պահանջել ներկայացնել վարձակալության պայմանագրեր. կուսակցությունը պարզաբանում է պահանջում | Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն գնդապետ Էդիկ Մալոյանի գործի մասին մանրամասներ է հայտնում | «Մալոյանը ձերբակալվում է այն օրը, երբ Բաքվից Երևան է ժամանում Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը»․ Հակոբ Բադալյան | Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից | Հրամանատար ջան, նենց ոնց դու էիր սահմանին մեր կողքը կանգնած, տենց էլ մենք ենք մինչև վերջ կողքդ կանգնելու | Մինչև վերջ պայքարել եմ, որ մենք միշտ լինենք երջանիկ. տիկինս, վատ հոսանքի ազդեցությամբ, դիմել է ոստիկանություն. Տիգրան Արզաքանցյան (տեսանյութ) | Եթե 100 հազարներով մարդկանց չտանեին ընտրատեղամաս՝ մենք 65 տոկոս կհավաքեինք. Ալեն Սիմոնյան | Գնդապետը ձերբակալվել է Ուժեղ Հայաստան ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան | Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ

Լրահոս

Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից: Այս մասին ասված է Ացախի ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Երկար մտորումներից, քննարկումներից և վերջին օրերի խորհրդակցություններից հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։

Այս որոշումն ինձ համար հեշտ չի եղել։ 2025 թվականի մայիսի 21-ին այս պաշտոնը չեմ ստանձնել անձնական շահից, քաղաքական հավակնությունից կամ պաշտոն ունենալու ցանկությունից ելնելով։ Պաշտոնը ստանձնելու իմ նպատակը պետական ինստիտուտների պահպանման հարցը բարձիթողի վիճակում չթողնելն էր, հատկապես այն ժամանակ, երբ Արցախի պետական կառույցների շարունակականությունը, մեր ժողովրդի քաղաքական ձայնն ու իրավունքների պաշտպանությունը կանգնած էին լրջագույն վտանգի առաջ։

Իմ յուրաքանչյուր որոշում և գործողություն ուղղված է եղել մեկ նպատակի՝ պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքներն ու պահպանել պետականության շարունակականությունը՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված նոր իրականության պայմաններում։

Այս ամբողջ ընթացքում առաջնորդվել եմ բացառապես ազգային շահերով և մեր ժողովրդի առջև ունեցած պատասխանատվությամբ։

Իմ ընտանիքի կապն Արցախի հետ երբեք չի եղել ձևական։ Հայրս իր կյանքն է տվել հանուն Արցախի Հանրապետության գոյատևման։ Մեր ընտանիքն Արցախի համար վճարել է ամենաթանկը՝ մարդկային կյանքի գինը։

Բռնի տեղահանումից հետո, երբ հայտնվեցինք Հայաստանում, ես ևս կարող էի, ինչպես շատերը, կենտրոնանալ միայն ընտանիքիս վրա, սկսել նոր կյանք, նոր աշխատանք և ապահովել մեր վաղվա օրը։ Դա ինձ համար կլիներ շատ ավելի հեշտ ճանապարհ։

Բայց ես ընտրեցի ոչ թե հեշտը, այլ պարտավորը։ Ստանձնեցի այս բեռը՝ հասկանալով, որ ծանրագույն պահին որևէ մեկը պետք է շարունակի կրել պետական պատասխանատվությունը, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները և պահպանել Արցախի պետականության գաղափարը։ Ես չէի կարող թույլ տալ, որ ստեղծված դժվարին պայմաններում պետական ինստիտուտների պահպանման հարցը մնա անտեր և բարձիթողի վիճակում։

Շատ դեպքերում այդ ճանապարհին կողքիս չեն եղել նրանք, ովքեր Արցախի լավ օրերին պատրաստ էին ամեն քայլի դիմել պաշտոն ստանալու համար։ Երբ պաշտոնը հնարավորություն էր, ազդեցություն և արտոնություն, ցանկացողները շատ էին։ Երբ այն դարձավ պայքար, ճնշում, ծանր պատասխանատվություն և անձնական զոհողություն, շատերը պարզապես հեռացան։

Ես երբեք պաշտոնի չեմ ձգտել։ Ես մնացել եմ ու շարունակել եմ պայքարել, որովհետև պարտավորված եմ զգացել թե՛ հորս հիշատակի, թե՛ մեր ժողովրդի, թե՛ Արցախի առջև։

Սակայն վերջին ժամանակահատվածում իմ անձի շուրջ ձևավորված կեղծ և արհեստական խոսակցությունները, շրջանառվող անհիմն մեղադրանքներն ու զրպարտությունները ևս ազդել են այս որոշման կայացման վրա։ Չեմ ցանկանում, որ իմ անձի դեմ ուղղված նպատակային արշավը որևէ կերպ ստվեր նետի Արցախի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների և Ազգային ժողովի հեղինակության վրա։

Երբ անհրաժեշտ միասնականությունն ու ընդհանուր պատասխանատվությունը բացակայում են, մեկ կամ մի քանի հոգի չեն կարող շարունակաբար կրել ամբողջ բեռը։ Ուստի այս որոշումը նաև պետական կառույցը անձնական շահարկումներից և արհեստականորեն ստեղծված հակադրություններից զերծ պահելու գիտակցված քայլ է։ Հետևաբար ներկայացնում եմ իմ հրաժարականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։

Այս հրաժարականը չի նշանակում հրաժարում Արցախից։ Չի նշանակում հրաժարում մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությունից և այն պայքարից, որի համար մեր ընտանիքն արդեն իսկ վճարել է կյանքի գնով։ Պաշտոնը ժամանակավոր է։ Արցախը, մեր ժողովրդի ցավը, մեր հերոսների հիշատակը և նրանց առաջ ունեցած պարտքը՝ մշտական։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, պատգամավորներին և գործընկերներին, որոնք այս ամբողջ ընթացքում մնացել են իրենց պատասխանատվության և ազգային նպատակների կողքին։

Համոզված եմ՝ մեր ժողովրդի կամքը հնարավոր չէ կոտրել։ Արցախի հարցը չի կարող փակված համարվել, քանի դեռ կա իր հայրենիքի նկատմամբ իրավունք ունեցող ժողովուրդ, քանի դեռ կա վերադարձի պահանջ, և քանի դեռ մեր զոհված հերոսների հիշատակը մեզ պարտավորեցնում է չհանձնվել։ Համոզված եմ, որ Ազգային ժողովը և բոլոր պետական կառույցները կշարունակեն իրենց գործունեությունը՝ անսասան մնալով մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության և ազգային նպատակների իրագործման ճանապարհին։

Փա՛ռք մեր հայրենիքին։

Փա՛ռք Արցախի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին։

Պատի՛վ մեր ժողովրդին»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031